«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 7.3 հոդվածը սահմանում է Հանրապետության նախագահի սպասարկումը պաշտոնաթողությունից հետո:
Պաշտոնաթող Հանրապետության նախագահին տրամադրվում է ավտոտրանսպորտ և՝ իր ցանկությամբ՝ կահավորված գրասենյակ: Նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացված միջոցներից:
Պաշտոնաթող Հանրապետության նախագահի գրասենյակի գործունեության ապահովման համար տրամադրվում է ոչ ավել, քան երեք հաստիքային միավոր, որոնք ընդգրկվում են Հանրապետության նախագահի աշխատակազմի հաստիքացուցակում: Նախագահի` մեկ տարվա ընթացքում այլ պետություններ կատարվող ոչ ավել, քան տաս օր ընդհանուր տևողությամբ այցի ծախսերը հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:
Պաշտոնաթող Հանրապետության նախագահի համար, բացառությամբ պաշտոնանկության դեպքի, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` Հանրապետության նախագահի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով:
Հանրապետության նախագահի պաշտոնային դրույքաչափը բարձրանալու դեպքում պաշտոնաթող Հանրապետության նախագահի կենսաթոշակը համամասնորեն վերահաշվարկվում է:
Պաշտոնաթող Հանրապետության նախագահը սույն հոդվածի 1-ին մասում նշված կենսաթոշակ ստանալու իրավունքից չի օգտվում այն ժամանակահատվածում, երբ զբաղեցնում է որևէ ընտրովի կամ նշանակովի պաշտոն և ստանում է Հանրապետության նախագահի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափը գերազանցող վարձատրություն, իսկ այդ չափից ցածր վարձատրություն ստանալու դեպքում որպես կենսաթոշակ ստանում է հատուկ կենսաթոշակի և աշխատավարձի բացասական տարբերությունը:
Օրենքի 7.9 հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, պաշտոնաթող Հանրապետության նախագահը, ինչպես նաև նրանց ուղեկցող ընտանիքի անդամները կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահից: