Այս պահի դրությամբ «Զվարթնոց» օդանավակայանում աշխատանքներն ընթանում են բնականոն ձևով։ Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net–ի հետ զրույցում հաստատեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը։
«Ունենք ընդամենը մեկ չեղարկում՝ «Գլոբալավիա» ավիաընկերության Ստամբուլ-Երևան չվերթը։ Մնացած բոլոր ուղղություններով, ավիաընկերություններն իրենց չվերթներն իրականացնում են»,-նշեց Սաթենիկ Հովհաննիսյանը։
Մեր այն հարցին, թե արդյո՞ք հիմա փողոցների փակ լինելը խոչընդոտում է օդանավակայանի աշխատանքին, նա նշեց, որ կարող ենք հետևել «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքի մեկնումների ու ժամանումների չվացուցակին՝ համոզվելու, որ չվերթներն ըստ ժամանակի իրականացվում են։
Նշենք, որ օդանավակայանի հարակից փողոցները փակ են։ Ճանապարհի գլխավոր հատվածում նաև ոստիկաններ կան։