Այսօր՝ մայիսի 1-ին, Ազգային ժողովում ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ, միջազգային իրավունքի վրա հիմնված կարգավորման գործընթացում կարծրատիպերը մեզ համար պարտադիր չեն:
Վարչապետի թեկնածուն նշեց, որ Հայաստանի համար կենսական է Արցախի ժողովրդի` իր ճակատագիրը ինքնուրույն որոշելու անքակտելի իրավունքի և դրա իրացման միջազգային ճանաչումը:
«Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առումով մենք հանձնառու ենք բացառապես խաղաղ կարգավորմանը, որի հիմքում պետք է ընկած լինի ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը», – ասաց Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ Արցախի հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին նոր լիցք է պետք հաղորդել: