Ի՞նչ տեղի կունենա մայիսի 1-ից հետո. Սահմանադրությունը կարգավորում է

Մայիսի 1-ին, վարչապետի ընտրությունից հետո կկազմավորվի նոր կառավարությունը: Սահմանադրության 150-րդ հոդվածը սահմանում է, որ կառավարությունը պետք է կազմավորվի 15 օրվա ընթացքում: Իր նշանակումից հետո վարչապետը 5 օրվա ընթացքում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Իսկ նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետներին և նախարարներին, կամ դիմում է Սահմանադրական դատարան:  Սահմանադրական դատարանը դիմումը քննում և որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում:

Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը  նշանակված է համարվում իրավունքի ուժով:

Սահմանադրության 151-րդ հոդվածը սահմանում է, որ կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը:

Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին և Սահմանադրության համապատասխան չի ընտրում նոր վարչապետ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել