Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Նիկոլ Փաշինյանին փոխանցել է, որ ՀՀԿ խմբակցությունում կա նախատրամադրվածություն՝ չխոչընդոտել մայիսի 1-ին ընտրությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպումից հետո:
Հանդիպման ընթացքում նրանք պայմանավորվել են կազմակերպել ընդլայնված հանդիպում ՀՀԿ խմբակցության հետ:
«Վահրամ Բաղդասարյանը ինձ փոխանցել է, որ իրենց խմբակցությունում նախատրամադրվածություն կա՝ չխոչընդոտել մայիսի 1-ին «ժողովրդի թեկնածուի» ընտրությանը վարչապետի պաշտոնում», -ասաց Փաշինյանը:
Փաշինյանը նաև նշեց, որ «ժողովրդի թեկնածուն» ինքն է:
Լրագրողի հարցին, թե վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը պատրաստվո՞ւմ է ցրել Ազգային ժողովը, պատգամավորը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Թե ինչ ժամկետներում, դա արդեն կքննարկենք»: