ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Հայոց ցեղասպանության հիշատակի առթիվ

Քիչ առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հրապարակեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության հիշտակի առթիվ.

«Այսօր մենք հիշատակում ենք Մեծ Եղեռնը՝ 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը, երբ Օսմանյան Կայսրության վերջին տարիներին 1.5 միլիոն հայեր զոհ գնացին տեղահանություններին, կոտորածներին և մահվան երթերին: Մենք հիշում ենք 1915թ. սոսկալի իրադարձությունները՝ ցավ ապրելով կորսված կյանքերի ու տառապանքների բովով անցածների համար:

Մենք նաև այս առիթն օգտագործելով՝ հիշում ենք այն խիզախ անհատներին, ովքեր ջանում էին վերջ դնել բռնությանը, ովքեր օգնության ձեռք էին մեկնում վերապրածներին ու վերակառուցում էին համայնքները. նրանց թվում էր Օսմանյան Կայսրությունում Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուն, ով փորձում էր կանգնեցնել բռնությունները, իսկ ավելի ուշ Մերձավոր Արևելքի հիմնադրամի միջոցով դրամահավաք էր իրականացնում՝ օգնելու հայ ժողովրդին: Մենք խորին հարգանքով փաստում ենք հայերի տոկունությունը, որոնցից շատերը նոր կյանք սկսեցին Միացյալ Նահանգներում՝ իրենց մեծ ներդրումն ունենալով մեր երկրում:

Վառ պահելով տառապյալների հիշատակը՝ մենք փաստում ենք մեր հանձնառությունը՝ թույլ չտալու նման վայրագությունների կրկնություն: Մենք շեշտադրում ենք անցյալի ցավալի դրվագներին առերեսվելու և դրանք ճանաչելու կարևորությունը՝ որպես առավել հանդուրժողական ապագա կերտելու անհրաժեշտ քայլ:

Այս հանդիսավոր օրը մենք աշխարհասփյուռ հայերի կողքին ենք՝ հիշատակի տուրք մատուցելու զոհերին և պարտավորվելու աշխատել միասին, որպեսզի կերտենք ավելի լավ ապագա: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել