Արդյո՞ք կարող է Նիկոլ Փաշինյանի պահանջը կատարվել. ե՞րբ է հնարավոր Ազգային ժողովի վաղաժամկետ արձակումը

Երեկ՝ ապրիլի 23-ին, վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը: Նոր վարչապետի նշանակման կարգի, արտահերթ ընտրությունների և Ազգային ժողովի վաղաժամկետ արձակման մասին Իրավաբան.net-ը զրուցել է փաստաբան Գենյա Պետրոսյանի հետ:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն` վարչապետի հրաժարական ներկայացնելու դեպքում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Միևնույն ժամանակ Սահմանադրությամբ սահմանվում է նման պայմաններում Ազգային ժողովի կողմից վարչապետին ընտրելու կարգը, այն է` Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

«Բացի դրանից, Սահմանադրությամբ սահմանվում է վարչապետ չընտրվելու դեպքում վարչապետի նոր ընտրություն անցկացնելու կարգը: Այս դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները:  Իսկ եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»,-նշում է Գենյա Պետրոսյանը:

Նշենք նաև, որ «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանի պահանջներից է նաև խորհրդարանի արձակումը և նոր խորհրդարանի ձևավորումը։ Ինչպե՞ ս կարող է այդ գործընթացը տեղի ունենալ:

Սահմանադրության համաձայն` Ազգային ժողովի արտահերթ ընտրություն անցկացվելու դեպքերից մեկը վարչապետի նոր ընտրություն անցկացվելուց հետո վարչապետ չընտրվելու դեպքն է, այս դեպքում Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Բացի դրանից, Ազգային ժողովի արտահերթ ընտրություն պետք է անցկացվի Սահմանադրության 151-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված դեպքերում Ազգային ժողովի արձակվելուց հետո:

«Այսինքն, եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին և Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան չի ընտրում նոր վարչապետ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Միևնույն ժամանակ, եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն ևս պետք է արձակվի իրավունքի ուժով»,-նշում է փաստաբանը:

Արտահերթ ընտրություն անցկացնելու հաջորդ հիմքը (151-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքով ԱԺ-ի արձակվելու դեպքում) վերաբերելի է այն դեպքին, երբ հավանության չի արժանանում վարչապետին անվստահություն հայտնելու արդյունքում կազմավորված Կառավարության ծրագիրը, այս պարագայում ևս Ազգային ժողովը ենթակա է արձակման իրավունքի ուժով:

«Արձանագրենք նաև, վարչապետը պարտավոր է Ազգային ժողովին ներկայացնել Կառավարության ծրագիրը` Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում: Ինչ վերաբերում է Ազգային ժողովի արտահերթ ընտրության անցկացման ժամկետներին, ապա ընտրությունը պետք է անցկացվի Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո»,-նշում է Գենյա Պետրոսյանը:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել