Կառավարության ապրիլի 12-ի նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագրի և վարման կարգի հաստատմանը:
Փաստաթղթի հիմնավորման մեջ նշվում է, որ «Ազդարարման համակարգի մասին» օրենքին համահունչ՝ «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծով առաջարկվում է՝
1) հաստատել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը.
2) հաստատել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի վարման կարգը:
Հաշվի առնելով ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի շրջանակներում ազդարարի անանունության ապահովման կարևորությունը՝ ներկայացված նախագծով մանրամասն կարգավորման են ենթարկվել այն գործողությունները և դրանց հերթականությունը, որի միջոցով ազդարարի համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) կծածկագրվի: Այսպես, համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրելու նպատակով անհրաժեշտ է միասնական էլեկտրոնային հարթակ մուտք գործել ՏՈՌ (TOR), Օպերա (Opera) կամ Օպերա Մինի (Opera Mini) ցանցային դիտարկիչների (browser) միջոցով: ՏՈՌ (TOR) ցանցային դիտարկիչի (browser) միջոցով մուտք գործելու դեպքում համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրվում է ավտոմատ կերպով՝ ապահովելով Ձեր անանունությունը:
Օպերա (Opera) կամ Օպերա Մինի (Opera Mini) ցանցային դիտարկիչով (browser) մուտք գործելու դեպքում անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները՝
1) մուտք գործել «Ցանկ» (Menu) պատուհան.
2) սեղմել «Կարգավորումներ» (Settings) կոճակը.
3) բացված պատուհանում սեղմել «Գաղտնիություն և անվտանգություն» (Privacy & security) կոճակը.
4) բացված պատուհանում նշել «Միացնել վիրտուալ մասնավոր ցանցը» (Enable VPN) կոճակը:
Նշված գործողությունները կատարելու դեպքում ազդարարի համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրվում է՝ ապահովելով նրա անանունությունը:
Ներկայացված նախագծի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության՝ ազդարարների պաշտպանության առումով ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը և «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի լիարժեք գործողությունը: Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը հնարավորություն կընձեռի ազդարարներին ներկայացնել անանուն հաղորդումներ՝ պահպանելով իրենց անձնական տվյալների գաղտնիությունը: Բացի այդ, քննարկվող հարթակի ստեղծմամբ և գործարկմամբ կբարձրանա հանցագործությունների բացահայտման մակարդակը: