Անչափահասներն իրենց պատճառած վնասի համար պատասխանատվություն են կրում

Քաղաքացիական օրենսգրքի 30-րդ հոդվածը սահմանում է, որ 14-18 տարեկան անչափահասները կարող են գործարքներ կնքել իրենց օրինական ներկայացուցիչների` ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ:

Այդպիսի անչափահասի կնքած գործարքը վավեր է նաև նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի` հետագայում տված գրավոր հավանության դեպքում:

Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասները, առանց ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնության, իրավունք ունեն`

1) տնօրինել իրենց աշխատավարձը, կրթաթոշակը և այլ եկամուտները.

2) իրականացնել գիտության, գրականության կամ արվեստի ստեղծագործության, գյուտի կամ մտավոր գործունեության` օրենքով պահպանվող այլ արդյունքի հեղինակի իրավունքներ.

3) օրենքին համապատասխան` ավանդներ մուծել վարկային հաստատություններ և տնօրինել դրանք.

4) կնքել կենցաղային մանր գործարքներ և սույն օրենսգրքի 29 հոդվածի 2-րդ կետով նախատեսված այլ գործարքներ:

Տասնվեց տարեկան դառնալիս` անչափահասներն իրավունք ունեն նաև, կոոպերատիվների մասին օրենքներին համապատասխան, լինել կոոպերատիվի անդամ:

Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասներն ինքնուրույն գույքային պատասխանատվություն են կրում սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան կնքված իրենց գործարքներով: Այդպիսի անչափահասներն իրենց պատճառած վնասի համար պատասխանատվություն են կրում սույն օրենսգրքին համապատասխան:

Ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի միջնորդությամբ դատարանը կարող է բավարար հիմքերի առկայության դեպքում սահմանափակել տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասի` իր աշխատավարձը, կրթաթոշակը կամ այլ եկամուտներն ինքնուրույն տնօրինելու իրավունքը կամ զրկել նրան այդ իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ անչափահասը լրիվ ծավալով գործունակություն է ձեռք բերե:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել