Ի՞նչ կենսագրություն ունի ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի նորանշանակ տեղակալ Հայկազ Բաղմանյանը

Նախագահի մարտի 22-ի հրամանագրի համաձայն գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնին` կնքելով զինվորական ծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր` երեք տարի ժամկետով։

Բաղմանյանը նախկինում աշխատել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտի պաշտոնում։ Դեռևս 2017թ-ի դեկտեմբերի 5-ին Իրավաբան.netհետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել էր․ «Հայկազ Բաղմանյանը զեկուցագիր է ներկայացրել զորացրվելու մասին՝ իմ հորդորով»։ Հայկազ Բաղմանյանին աշխատանքից ազատելու հիմքը՝ նախարարի խոսքով՝ աշխատանքային մի շարք պարտականությունների չկատարումն է:

Նույն օրը նախագահի հրամանագրով նա ազատվել է աշխատանքից։

Ստորև ձեզ ենք ներկայացնում Հայկազ Բաղմանյանի կենսագրությունը․

Բաղմանյանը ծնվել է 1963թ. հոկտեմբերի 24-ին` Ադրբեջանի Հանրապետություն, Խանլարի շրջան, գ. Գետաշեն:

1981-1992 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1985թ. ավարտել է Խմելնիցկու բարձրագույն հրետանային հրամանատարական ուսումնարանը:
ՀՀ զինված ուժերում է 1992թ.-ից:
1992-94թթ. մասնակցել է մարտական գործողությունների:
1992թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի պաշտպանական շրջանի հրամանատար:
1993-1999թթ. տարբեր զորամասերում զբաղեցրել է գնդի, բրիգադի հրամանատարի պաշտոն:
1999թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար:
2000թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:
2002թ. ավարտել է ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիայի ակադեմիական դասընթացները:
2003թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար:

ՀՀ Նախագահի 2009թ.-ի հունվարի 26-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ:
2009թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» բարձրագույն զինվորական կոչում:

Պարգևատրվել է

«Մարտական խաչ» I և II աստիճանի շքանշաններով, «ԽՍՀՄ ԶՈՒ 70 տարին», «Մարշալ Բաղրամյան», «Դրաստամատ Կանայան», «Անբասիր ծառայության համար» I աստիճանի, «Համագործակցության ամրապնդման համար», «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներով:

Ամուսնացած է, ունի 2 որդի և մեկ դուստր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել