Ինչպե՞ս է բացվում ժառանգությունը

Ժառանգությունը բացվում է քաղաքացու մահից հետո: Դատարանով քաղաքացուն մահացած ճանաչելն առաջացնում է նույն իրավական հետևանքները, ինչ քաղաքացու մահը:

 

Ժառանգությունը բացվում է քաղաքացու մահվան օրը, իսկ նրան մահացած ճանաչելու դեպքում այդ մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, եթե այլ օր սահմանված չէ վճռում: Եթե նույն օրը մահացել են այն անձինք, ովքեր իրավունք ունեին ժառանգել մեկը մյուսից հետո, նրանք մահացած են ճանաչվում միաժամանակ: Ժառանգությունը բացվում է նրանցից յուրաքանչյուրից հետո և ժառանգման են հրավիրվում նրանցից յուրաքանչյուրի ժառանգները:

 

Ժառանգության բացման վայրը ժառանգատուի բնակության վերջին վայրն է:

 

«Բնակության վայր է համարվում այն վայրը, որտեղ քաղաքացին մշտապես կամ առավելապես ապրում է: Տասնչորս տարեկան չդարձած անչափահասների կամ խնամակալության տակ գտնվող քաղաքացիների բնակության վայր է համարվում նրանց օրինական ներկայացուցիչների` ծնողների, որդեգրողների կամ խնամակալների բնակության վայրը»-Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյան:

 

Եթե ժառանգատուի բնակության վերջին վայրն արտասահմանում է կամ անհայտ է, ապա ժառանգության բացման վայր է համարվում ժառանգության զանգվածի մեջ մտնող անշարժ գույքի կամ դրա առավել արժեքավոր մասի, իսկ անշարժ գույքի բացակայության դեպքում` շարժական գույքի կամ դրա առավել արժեքավոր մասի գտնվելու վայրը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել