Իրեն անապահով համարող ընտանիքի չափահաս անդամներից մեկը, մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով դիմում է տարածքային կենտրոն` ներկայացնելով դիմում-հայտարարագիր, ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար իր ընտանիքի անապահովության բնութագրիչների մասին ամբողջական տվյալները հավաստող փաստաթղթեր:
Նշված փաստաթղթերը չեն պահանջվում, եթե դրանք ներառված են համապատասխան մարմինների էլեկտրոնային տեղեկատվական բազաներում:
Տարածքային կենտրոնը դիմում-հայտարարագիրը (անհրաժեշտ փաստաթղթերով) հաշվառում է դիմումների հաշվառման մատյանում, իսկ դիմում-հայտարարագրում և փաստաթղթերում ներառված կամ ինքնաշխատ եղանակով ստացված տվյալները մուտքագրում է ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական բազա:
Ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական բազան տեղակայվում է պետական նպաստների բնագավառի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի պաշտոնական կայքէջում, որը հասանելի է դիմող ընտանիքին` իր տվյալների մասով:
Ընտանիքների անապահովության միավորի հիման վրա նշանակվող պետական նպաստի համար դիմելու օր է համարվում տարածքային կենտրոնի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով դիմում-հայտարարագիրն ընդունելու օրը: Եթե դիմում-հայտարարագիրը և դրան կից անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացված են օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան, ապա դիմում-հայտարարագիրն ընդունված է համարվում դրանք ներկայացնելու օրը: Այն դեպքում, երբ դիմում-հայտարարագրին կցվում են ոչ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, տարածքային կենտրոնը նույն օրը դիմողին գրավոր տեղեկացնում է պակասող փաստաթղթերի ցանկի և դրանք սահմանված ժամկետում ներկայացնելու անհրաժեշտության մասին:
Եթե դիմողը տեղեկացվելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերը, ապա դիմելու օր է համարվում դիմում-հայտարարագրի սկզբնական ներկայացման օրը: Նշված ժամկետից ուշ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում դիմելու օր է համարվում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրը:
Դիմում-հայտարարագիրը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով ընդունելուց կամ փաստաթղթերը սահմանված կարգով ներկայացվելուց հետո տարածքային կենտրոնը 30 օրվա ընթացքում դրանք քննարկում և որոշում է կայացնում, որի մասին իրազեկվում է դիմողը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի պաշտոնական կայքէջի միջոցով :
Ընտանիքի անապահովության բնութագրիչների փոխվելու դեպքում դիմողը փոփոխության օրվանից սկսած՝ 30-օրյա ժամկետում, դիմում է տարածքային կենտրոն՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը:
Դիմողը դիմելու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա ընթացքում կրկին դիմում է տարածքային կենտրոն` ներկայացնելով անապահովության տվյալները հավաստող փաստաթղթերը:
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու, դիմում-հայտարարագրի, դիմումների հաշվառման մատյանի ձևերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը(Կարգավորումը տրված է <<Պետական նպաստների մասին>> ՀՀ օրենքի հոդված 11-րդ-ում):