Կառավարությունը կքննարկի օտարերկրյա պետություններում սովորող քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության համար տարկետում ստանալու հարցը

Հայաստանում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորող քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությանից տարկետում տրվում է մինչև ուսումնառության օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 19 տարին լրանալու օրը: Գործադիրը առաջիկա նիստին՝ հունվարի 25-ին կքննարկի նաև օտարերկրյա պետություններում սովորող ՀՀ քաղաքցիների տարկետման իրավունք ստաալու հարցը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում, է, որ ներկայումս Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ենթակա բազմաթիվ քաղաքացիներ բնակվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս և ընդգրկվում են տվյալ երկրի հանրակրթական և նմանատիպ կրթական ծրագրերում:

Բացի այդ, քիչ չեն դեպքերը, երբ Հայաստանում մշտապես բնակվող պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացիները ընդգրկվում են օտարերկրյա հանրակրթական հաստատություններում: Նման պարագայում բազմաթիվ են նաեւ այն դեպքերը, երբ օտարերկրյա պետություններում կրթություն ստացող, պարտադիր զինվորական ծառայության ենթակա ՀՀ քաղաքացու զորակոչային տարիքը լրանում է նախքան հանրակրթական ծրագրի ավարտը եւ քաղաքացին ակամայից խուսափում է զորակոչից կրթությունն ավարտելու պատճառով:

Տվյալ դեպքում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը չի կարգավորում վերը նշված դեպքերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորելու ընթացքում տարկետման իրավունքը:

Կարգավորման նպատակն է իրավական երաշխիքներ ստեղծել անձանց կրթության սահմանադրական իրավունքների իրացման համար:

Նախագծի ընդունման պարագայում ակնկալվում է, որ կերաշխավորվի ՀՀ քաղաքացիների կրթություն ստանալու Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը անկախ կրթական հաստատության գտնվելու վայրի, կնպաստի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերի նվազմանը, ինչպես նաեւ կկարգավորվի օտարերկրյա պետություններում հանրակրթական հաստատություններում սովորող պարտադիր զինվորական ծառայության ենթակա ՀՀ քաղաքացիների տարկետում ստանալու իրավունքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել