Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կառավարության հավանությանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
Նախարարությունը մի քանի թիրախներ է ներկայացրել:
Թիրախ 1. Մինչև 2030 թվականը ապահովել, որպեսզի բոլոր երեխաները ստանան որակյալ միջնակարգ կամ նախնական մասնագիտական կրթություն` ինքնուրույն կյանքի լիարժեք պատրաստված լինելու, կրթության հաջորդ աստիճանում ուսումն արդյունավետ շարունակելու և արժանապատիվ աշխատանքային գործունեությանն անցնելու նպատակով:
Թիրախ 2. Մինչև 2030 թվականը կրթության բոլոր մակարդակներում ամրապնդել դաստիարակության բաղադրիչը: Պետականության դերի գիտակցման, հայրենասիրական, քաղաքացիական և էկոլոգիական դաստիարակության միջոցներով բոլոր սովորողներին զինել հասարակության կայուն զարգացմանը նպաստող գիտելիքներով և կարողություններով:
Կրթությունը կարևոր դերակատարում ունի քաղաքական, տնտեսական, սոցիալական և էկոլոգիական բազմաթիվ խնդիրների առջև կանգնած Երկրի կայուն զարգացող և բարեկեցիկ հասարակության կայացման գործում: Նման կրթությունն իր բովանդակությամբ և ձևերով պետք է համապատասխանի առկա խնդիրներին, ապահովի համապատասխան գիտելիքների, կարողությունների, արժեքների և վերաբերմունքի ձևավորմանը, դաստիարակի հասարակության ակտիվ և պատասխանատու քաղաքացի, որն ունակ է վարել արդյունավետ կյանք, դրսևորել առողջ ապրելակերպ, պաշտպանել սեփական և հարգել ուրիշների իրավունքները, արժևորել սեփական ինքնությունը և առաջնորդվել հանդուրժողականության սկզբունքներով, պաշտպանել ազգային շահը, կայացնել գիտակցված որոշումներ, նպաստել խաղաղությանը և պատրաստ լինել ծառայելու ազգային և համամարդկային խնդիրների լուծմանը: Կարևոր է նաև մարդու իրավունքների կրթության բաղադրիչի ներառումը և այդ համատեքստում ցեղասպանությունների` որպես մարդկության դեմ գործած հանցագործության մասին պատմական փաստերի վերաբերյալ գիտելիքների փոխանցումը:
Նման խնդիրների լուծումը չի կարող սահմանափակվել միայն պետական ուսումնական ծրագրերով սահմանված կրթության շրջանակներում: Լիարժեք արդյունքի հասնել կարելի է օգտագործելով նաև ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության ռեսուրսները, միաժամանակ, կրթության համակարգում որդեգրելով ժողովրդավարական սկզբունքներ` թե կառավարման, թե կրթական գործընթացի կազմակերպման առումով:
Թիրախ 3. Մինչև 2030 թվականը բարելավել 3-6 տարեկան բոլոր երեխաների համար հավասար հասանելի և որակյալ նախադպրոցական կրթության մատչելիություն ու ապահովել 5 տարեկանների առավել ընդգրկվածություն:
Նախադպրոցական կրթության կազմակերպումը հանդիսանում է տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատվությունը և հիմնականում ֆինանսավորվում է տեղական բյուջեներից: Այնուամենայնիվ, թե երեխայի համակողմանի զարգացման, թե դպրոցին պատրաստված լինելու և հավասար մեկնարկային հնարավորությունից օգտվելու տեսանկյունից, այն կարևոր նշանակություն ունի: Այս առումով պետական քաղաքականությունն ուղղված է խթանելու նախադպրոցական կրթության զարգացումը, օժանդակելու համայնքներին` համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի:
Թիրախ 4. Մինչև 2030 թվականը զգալիորեն ավելացնել մասնագիտական անհրաժեշտ պատրաստվածություն ունեցող երիտասարդների և մեծահասակաների թիվը՝ վերջիններիս համար արժանապատիվ աշխատանք գտնելու, գործազրկությունը նվազեցնելու և գործարարությունը խթանելու նպատակով:
Նկատի ունենալով մարդկային ռեսուրսների հույժ կարևորությունը երկրի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման գործում, մասնագիտական կրթությունը պետք է երիտասարդներին և մեծահասակներին զինի «21-րդ դարի» կարողություններով և հմատություններով: Կյանքի բոլոր փուլերում յուրաքանչյուրին պետք է ճկուն և բազմապիսի հնարավորություններ ընձեռնվեն ուսանելու և վերպատրաստվելու համար: Մասնագիտական կրթության զարգացման ծրագրային հիմնական ուղղությունները համապատասխանում են Բոլոնիայի և Թուրինի գործընթացներին:
Թիրախ 5. Մինչև 2030 թվականը ապահովել բոլոր խոցելի խմբերի՝ այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց հավասար մասնակցության հնարավորությունը կրթության բոլոր մակարդակներում:
Կրթության բոլոր մակարդակներում անհրաժեշտ է ստեղծել որակյալ կրթություն ստանալու հավասար հնարավորություններ բոլորի համար, ներառյալ՝ խոցելի խմբերի, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, կյանքի դժվարին պայմաններում հայտնված աղջիկների և տղաների, կանանց և տղամարդկանց: Կրթության ոլորտում իրականացվող բոլոր ծրագրերը, բարեփոխումները, նախաձեռնություններն ու մշակումները պետք է հաշվի առնեն սովորողների առանձին խմբերի և անհատների կարիքները, նախատեսեն դրանց արձագանքման համապատասխան մոտեցումներ:
Մնրամասները՝ այստեղ