Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծը, որը նախատեսում է մի շարք փոփոխություններ բժշկական օգնության և սպասարկման ոլորտում պետական պատվերի կազմակերպման և ֆինանսավորման մեխանիզմների կարգում՝ մասնավորապես փոփոխություններ պետպատվերի ուղեգրերի տրամադրման գործընթացում, նաև՝ քվոտաների սահմանմամբ:
Մասնավորապես, կառավարությունը տեսնում է անհրաժեշտություն՝ վերանայելու ուղեգրերի տրամադրման գործընթացը, իր ձևակերպմամբ՝ հաշվի առնելով, որ ուղեգրման գործընթացը առավել նպատակահարմար է իրականացնել մասնագիտացված բժշկական կազմակերպություններում:
Ըստ Առողջապահության նախարարության ակնկալիքների՝ նշված փոփոխության արդյունքում մասնագիտական հանձնաժողովների կազմում պետք է ներգրավվեն նաև մարզպետարանների, համայնքների, հասարակական կազմակերպությունների և այլ ոլորտների ներկայացուցիչները, ինչը հնարավորություն կտա ուղեգրերի տրամադրման գործընթացում ապահովել առավել թափանցիկություն:
Միաժամանակ, հաշվի առնելով պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ներկայիս վիճակը, հերթագրումների քանակը, ուղեգրման, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման գործընթացները վերահսկելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ուղեգրերի տրամադրման համար սահմանել քվոտաներ:
Զուգահեռաբար, անհրաժեշտություն է առաջացել վերանայելու քաղաքացիներին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար բժշկական կազմակերպություններ ուղեգրելուն ներկայացվող հիմնական պահանջները:
Սա ըստ ԱՆ-ի, հնարավորություն կտա բարելավելու մատուցվող ծառայությունների վերաբերյալ ներկայացվող տվյալների որակը, դեպքերի անհատական վարման և մշտադիտարկման գործընթացը, հիվանդանոցային օղակում իրականացվող բժշկական օգնությունն ու սպասարկումը և ստեղծել առավել կանխատեսելի իրավիճակ, որի արդյունքում բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելիս չեն առաջանա լրացուցիչ բեռ: