ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) պատվիրակությանը: Քննարկվել ավելի վաղ ՀՀ դատախազությունում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Ինգիբյոր Սոլրուն Գիսլադոտիրի և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններից բխող համագործակցությանն առնչվող խնդիրներ:
Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության ղեկավար Գենադի Բարբան ներկայացրել է 2018թ. համար նախատեսված ծրագրերը՝ նշելով, որ դրանք ևս կարող են նպաստել սահմանադրական փոփոխություններով պայմանավորված՝ Հայաստանի դատախազության անկախության երաշխիքների ամրապնդման ուղղված բարեփոխումների կենսագործմանը:
Դավիթ Մելքոնյանը վերահաստատել է ՀՀ դատախազության պատրաստակամությունը՝ ակտիվորեն ներգրավվելու մարդու իրավունքների պաշտպանությանը, դատախազական համակարգի արդյունավետության բարձրացմանը, տարբեր, հատկապես եվրոպական երկրների հետ փորձի փոխանակմանն ուղղված ԵԱՀԿ նախաձեռնություններում:
Քննարկման առարկա են դարձել նաև մինչդատական վարույթում անձի ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքի երաշխավորման, այդ համատեքստում խափանման միջոց կալանքի ընտրությանն առնչվող խնդիրները: Դավիթ Մելքոնյանը ներկայացրել է որպես խափանման միջոց կալանքի կիրառման միջնորդությունների հիմնավորվածության ապահովումը ՄԻԵԴ նախադեպային որոշումներով և իրավական դիրքորոշումներով արտահայտվող չափորոշիչներին ավելի համապատասխանեցնելու ուղղությամբ ՀՀ գլխավոր դատախազության կատարած ծավալուն աշխատանքը, դրա արդյունքում մշակված և ներկայումս կենսագործվող հանձնարարականները:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև գործակցության կառուցակարգերին և ձևաչափերին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: