Արդյունքում ուսումնասիրությամբ բացահայտված՝ հետախուզական աշխատանքների կազմակերպման և իրականացման ընթացքում պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից ծառայողական պարտականությունները չկատարելու կամ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու մի քանի դեպքերով հարուցվել են քրեական գործեր: Մասնավորապես՝
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով 2016թ. սեպտեմբերի 29-ին որոշում է կայացվել Գ. Պ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին և հայտարարվել է հետախուզում: Հետախուզում հայտարարելու մասին որոշման կատարումը նույն օրը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնին, որտեղ կազմվել է հետախուզական գործ:
Հետախուզվողը 2016թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ մուտք գործելիս հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի կողմից և նույն օրը ներկայացվել է ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնի օպերլիազորին: Վերջինս հետախուզվողին չի ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին, այդ մասին քննիչին չի տեղեկացրել, այլ նույն օրը հետախուզումը դադարեցնելու և հետախուզական գործը կարճելու մասին որոշում է ուղարկել ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն, որտեղ հետախուզական գործը հաշվառումից հանվել է, իսկ գործով վարույթը շարունակել է մնալ կասեցված՝ մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով:
ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2010թ. ապրիլի 1-ին կայացված որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող ամբաստանյալ Հ. Գ.-ի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը փոփոխվել է, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում, իսկ քրեական գործով վարույթը կասեցվել է:
Նշված որոշման հիման վրա ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնում կազմվել է հետախուզական գործ:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցված քրեական գործով 2011թ. դեկտեմբերի 15-ին որոշում է կայացվել Հ. Գ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հետախուզում հայտարարելու մասին որոշումը կատարման համար ուղարկվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները հատուցելու հիմքով քրեական գործով վարույթը կարճվել է:
Նշված որոշման հիման վրա հետաքննության մարմնի կողմից Հ. Գ.-ի նկատմամբ հետախուզումը դադարեցվել է, մինչդեռ վերջինս հետախուզվող է հանդիսացել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչի վարույթում գտնվող քրեական գործով:
Արդյունքում, նշված քրեական գործով Հ.Գ.-ի նկատմամբ փաստացի հետախուզում չի իրականացվել:
Ավազակություն կատարելու ենթադրյալ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործով 2000թ. նոյեմբերի 3-ին որոշում է կայացվել Ա. Ա.-ին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորում և հայտարարվել է հետախուզում: Հետախուզում նախաձեռնողի կողմից «ՍԷԿՏ» համակարգի միջոցով հետախուզվող Ա. Ա.-ի՝ ՀՀ-ում գտնվելու հանգամանքը ստուգելու արդյունքում պարզվել է, որ նա 2012թ. դեկտեմբերի 14-ին հատել է ՀՀ պետական սահմանը:
2009թ. ապրիլի 7-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Աբովյանի քննչական բաժանմունքում հարուցված քրեական գործով որոշում է կայացվել Խ. Հ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: 2009թ. ապրիլի 9-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնում կազմվել է հետախուզական գործ:
ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից 2015թ. ընթացքում վարույթն իրականացնող մարմնից բազմիցս պահանջվել է ներկայացնել մեղադրյալի վերաբերյալ պարսկերեն լեզվով փաստաթղթեր, նկատի ունենալով, որ պարզվել է հետախուզվողի գտնվելու վայրը: Սակայն համապատասխան պաշտոնատար անձանց կողմից նշված փաստաթղթերն այդպես էլ չեն ներկայացվել և հնարավոր չի եղել կազմակերպել հետախուզվողի տեղափոխումը ՀՀ:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված վերոհիշյալ առերևույթ հանցագործությունների առթիվ 2017թ. նոյեմբերի 8-ին ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին