Ավտոկայանատեղիներում երկաթյա խոչընդոտներ տեղադրողները պետք է պատժվեն. Դավիթ Խաժակյան

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ առաջարկելով պատժել ավտոկայանատեղիների համար նախատեսված վայրերում մետաղյա խոչընդոտներ տեղադրողներին:

Դիմումում ասվում է.

«Քաղաքացիները հաճախ բողոքում են Երևան քաղաքում «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի կողմից կազմակերպված ավտոկայանատեղիների տարածքում խոչընդոտների ապօրինի տեղադրումից և դրա վերաբերյալ տեղեկացնում քաղաքապետարանին կամ ճանապարհային ոստիկանությանը:

Նման իրավախախտումների վերաբերյալ դիմում են նաև «Ելք» խմբակցության անդամները, բայց քանի որ իրավախախտումը իրականացնում են տարբեր տնտեսվարող սուբյեկտներ, խնդիրը համակարգային առումով չի լուծվում:

Խնդիրը համակարգային կերպով լուծելու համար առաջարկում եմ «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ին հանձնարարել տեսանկարահանումների ընթացքում ապօրինի երկաթյա խոչընդոտ հանդիպելու դեպքում այդ մասին տեղեկացնել ճանապարհային ոստիկանությանը, որն իր հերթին տեսանկարահանման նյութերը կարող է օգտագործել որպես իրավախախտման ապացույց եւ նախազգուշացման կամ տուգանքի միջոցով վերացնել իրավախախտումը:

Կարծում եմ, սա կվերացնի նաեւ այն անհավասարությունը, որն առկա է տնտեսվարող սուբյեկտների միջև. մի մասը օրենքով սահմանված կարգով ստանալով թույլտվություն, վճարելով տեղական տուրքերը ձեռք են բերում ծառայողական ավտոկայանատեղիներ, իսկ մյուս մասը ապօրինաբար զբաղեցնում են անսահմանափակ կայանման համար նախատեսված տարածքը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել