Այսօր կառավարության նիստին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ներկայացրել է կառավարության որոշման նոր նախագիծ, որի համաձայն 1991 թ. մայիսի 13-ին ծնված Հայրապետ Առաքելյանը կազատվի պարտադիր զինվորական ծառայությունից:
Այս որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ միջազգային և հանրապետական մրցույթների բազմակի դափնեկիր, երիտասարդ սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանը հայ փողային գործիքների կատարողական դպրոցի տաղանդավոր ներկայացուցիչներից է։
Հայրապետ Առաքելյանը ծնվել է 1991 թ. մայիսի 13-ին, բնակվում է Երևանում (Տպագրիչների փ. 8, բն. 22):
1999-2008 թթ. սովորել է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում: 2005 թ. կատարելագործվել է Գերմանիայում` աշխարհահռչակ սաքսոֆոնահար, պրոֆեսոր Դանիել Գոթիեի դասարանում: 2008 թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա` պրոֆեսոր Ալեքսանդր Մանուկյանի դասարան: 2009 թ. ընդունվել է Գերմանիայի Քյոլն քաղաքի բարձրագույն երաժըշտական դպրոց:
Հ. Առաքելյանը միջազգային տարբեր մրցույթներում նվաճել է մրցանակային բարձր տեղեր` մասնավորապես «Salieri-Zinietti» կամերային երաժշտության միջազգային մրցույթ` 1-ին մրցանակ (Իտալիա, 2011 թ.), «Oldenburger Promenade» միջազգային մրցույթ` 2-րդ մրցանակ (Գերմանիա, 2011 թ.), Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության 2009 թ. երաժշտական մրցանակ, «Jugend Musuziert» մրցույթ` 1-ին մրցանակ (Գերմանիա, 2009 թ.), Ադրիատիկայի
9-րդ երաժշտական մրցույթ` 2-րդ մրցանակ (Իտալիա, 2007 թ.), «Յամահա» սաքսոֆոնահարների մրցույթ (Երևան, 2005 թ.), Սաքսոֆոնահարների միջազգային մրցույթ` 1-ին մրցանակ (Քարքֆյու, Ֆրանսիա, 2004 թ.), «Դելփյան խաղեր» միջազգային երիտասարդական մրցույթ-փառատոն` 2-րդ մրցանակ (Մոլդովա, 2004 թ.):
Հայրապետ Առաքելյանը տարբեր տարիների եղել է Վլ. Սպիվակովի միջազգային բարեգործական (2001 թ.), Նաում Գուզիկի դափնեկիրների (2005 թ., 2008 թ.), «Արամ Խաչատրյան» (2002 թ.), «Deutsche Stiftung Nusikleben», «Dr.Carl Dorken», «Soliti» հիմնադրամների, Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի կրթաթոշակառու:
Հ. Առաքելյանը պարբերաբար ելույթներ է ունեցել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական կամերային, Հայաստանի պետական երիտասարդական, «Արմենակոբ» սիմֆոնիկ, «Սերենադ» կամերային նվագախմբերի հետ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության պետական ակադեմիական կամերային, Կալինինգրադի պետական կամերային, Սանկտ Պետերբուրգի «Էրմիտաժ» սիմֆոնիկ, Պոզնանի ֆիլհարմոնիկ, Սինգապուրի երիտասարդական, Ջուլիարդի դպրոցի սիմֆոնիկ նվագախմբերի հետ:
Հ. Առաքելյանը ելույթներ է ունեցել Ֆրանսիայում, Լյուքսեմբուրգում, Բելգիայում, Գերմանիայում, Ավստրիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Լեհաստանում, Իտալիայում, Հունաստանում, Վրաստանում, Սիրիայում, Լիբանանում և արժանացել մասնագետների ու հանդիսատեսի բարձր գնահատանքին, մամուլով և հեռուստատեսությամբ ներկայացվել է նրա գործունեությունը:
Հ. Առաքելյանը մշտապես ելույթներ է ունեցել թե´ Հայաստանում, թե´ միջազգային տարբեր բեմահարթակներում` նպաստելով հայ երաժիշտների միջազգային ճանաչմանը (նվագել է Նյու Յորքի «Կարնեգի Հոլլ», Բեռլինի Ֆիլհարմոնիայի, Ցյուրիխի «Տոնհալլե» սրահներում` հանդես գալով աշխարհահռչակ դիրիժորների ու նվագախմբերի հետ):
2014-15, 2015-16 համերգաշրջանների ընթացքում երիտասարդ երաժիշտը հանդես է եկել Բոստոնի սիմֆոնիկ (ԱՄՆ), Ցյուրիխի «Տոնհալլե» (Շվեյցարիա) համերգասրահներում: Նրան բազմիցս հրավիրել են վարպետության դասընթացներ վարելու հեղինակավոր միջազգային փառատոների ընթացքում` Մալթա, Իտալիա, Ֆինլանդիա, Լատվիա: Նա հրավիրվել է նաև Մալթա` որպես Սաքսոֆոնահարների միջազգային մրցույթի ժյուրիի անդամ:
Վերջին տարիներին Հ. Առաքելյանը հիմնադրել է «Ֆրատրես» տրիոն, որի կազմում հանդես են գալիս միջազգային մրցույթների դափնեկիրներ, ջութակահար Ֆեոդոր Ռուդինը և դաշնակահար Ռուդոլֆ Վանկսը։ 2015-ին տրիոն դարձել է Փարիզի միջազգային մրցույթի դափնեկիր, ստացել է հատուկ մրցանակ «SAX-VISIT» նախագծի համար։
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված համերգներով
Հ. Առաքելյանը ելույթներ է ունեցել Գերմանիայում, Կանադայում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում։
2016 թվականի հոկտեմբերի 6-ին հանդես է եկել Արամ Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի բացման ժամանակ:
Հ. Առաքելյանի բացառիկ տաղանդի մասին է վկայում այն փաստը, որ նրա համար պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման միջնորդություններ են ներկայացրել ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, ՀՀ պետական մրցանակների դափնեկիր Է. Թադևոսյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ս. Սմբատյանը, ինչպես նաև այլ գործիչներ:
2017-2018 թթ. նախատեսվում է Հ. Առաքելյանի ելույթները մի շարք հեղինակավոր միջազգային մրցույթներում, փառատոներում ու համերգային շրջագայություններում` մասնավորապես Գերմանիայում, Ռուսաստանի Դաշնությունում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Բահամյան կղզիների ընկերակցությունում, Ավստրալիայում և այլ երկրներում: Նախատեսվում են նաև ելույթներ Հայաստանում:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 17-ի N 607-Ա որոշման համաձայն (վերջին փոփոխությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N 369-Ա որոշում)` Հ. Առաքելյանին տրվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք մինչև 2017 թվականի ձմեռային զորակոչը:
Հ. Առաքելյանը 2018 թվականի մայիսի 13-ին կդառնա 27 տարեկան:
Հայրապետ Առաքելյանին զինվորական ծառայությունից ազատելը հնարավորություն կտա շարունակել ծավալած մշակութային գործունեությունը, էլ ավելի կատարելագործել ձեռք բերած մասնագիտական հմտությունները և ներկայացնել հայկական մշակույթն ու երաժշտությունը Հայաստանում և արտերկրում: