18 տարեկան երիտասարդների կողմից երկու և ավելի երեխայի որդեգրումն կարող է միտված լինել հենց ֆորմալ տարկետման հիմքեր ստեղծելու համար: Խորհրդարանում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե տարկետում կարող է ստանալ 2 եւ ավելի երեխա քւնեցող անձինք, բացառությամբ որդեգրված երեխայի:
«Մենք խոսում ենք 18 տարեկան երիտասարդների մասին հիմնականում եւ նրանց կողմից երկու երեխայի որդեգրելն առավել հավանական է, որ միտված լինի հենց ֆորմալ տարկետման հիմքեր ստեղծելու համար: Ոչ մի բան չի խանգարում, որ ծառայությունից հետո նա կարող է որդեգրել երեխայի: Կան դեպքեր, երբ արհեստական որդեգրումներ են լինում՝ տարկետում ստանալու համար»,- ասաց Վիգեն Սարգսյանը՝ ի պատասխան ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի դիտարկմանը, թե իրավական դաշտում որդեգրված երեխաներն ու ծնողները հավասարեցվում են կենսաբանական ծնողներին եւ երեխաներին: