Նախագահն ընդունել է Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին, ով Երևան է ժամանել Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում. հոկտեմբերի 20-24-ը մայրաքաղաքում միջոցառումներ են անցկացվում հիշարժան այդ հոբելյանի կապակցությամբ:

Ողջունելով հյուրին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին՝ Հանրապետության Նախագահը հանդիպման առիթով ևս մեկ անգամ շնորհավորել է Միաբանության 300-ամյակի առթիվ՝ ընդգծելով այն անփոխարինելի և հսկայական դերակատարությունը, որ հիմնադրվելուց ի վեր ունեցել է Մխիթարյան միաբանությունը՝աշխարհին հայտնի դառնալով որպես հոգևոր, ուսումնակրթական, գրական, գիտամշակութային կենտրոն: Նախագահի խոսքով՝ երեք դար առաջ հայ մտքի հոգևոր հսկա Մխիթար Սեբաստացու հիմնած հաստատությունը Սուրբ Ղազար կղզում գործունեություն սկսելու պահից ի վեր բացառիկ մեծ ավանդ է ներդրել հայապահպանության գործում, որի վկայություններից են Միաբանության վանական համալիրում պահվող՝ հայ մշակութային ժառանգության մաս կազմող բազմաթիվ ձեռագրերն ու մատյանները, որոնք նաև համաշխարհային քաղաքակրթության նմուշներ են:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Իտալիա և Ավստրիա իր այցելությունների ընթացքում աշխատում է բաց չթողնել առիթը և մեծագույն հաճույքով այցելում է Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանության հաստատություններ:

Նախագահն անհրաժեշտություն է համարել, որպեսզի Միաբանությունը շարունակի իր արդյունավետ գործունեությունը և ընդգծել, որ ցանկացած դժվարություն, առաջացող խնդիրներ հնարավոր է լուծել միայն Հայաստան-սփյուռք սերտ համագործակցությամբ, որի պատրաստակամությունը երկուստեք կա:

Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Գերաշնորհ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի բեղուն գործունեությունը՝ ուղղված հայ ժողովրդի հոգևոր, մշակութային ժառանգությունն աշխարհին ճանաչելի դարձնելուն, հայապահպանությանն ու սերունդների կրթությանը:
Գերաշնորհ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ջերմ և քաջալերող խոսքերի համար՝ ընդգծելով, որ հայրենիքի ամուր թիկունքը մշտապես զգալը շատ կարևոր է: Նա ջերմությամբ է հիշել Նախագահի այցելությունները Միաբանության հաստատություններ և հույս հայտնել, որ նման առիթներ առաջիկայում ևս կլինեն: «Միասնաբար, ձեռք ձեռքի տված միաբանությունն իր անդամների և նաև բարեկամների հետ Ձեր՝ մեծարգո՛ Նախագահ և Վեհափառ Տիրոջ բարձր հովանու ներքո պետք է ջանա 300-ամյակի հոբելյանական տարին պատշաճ անցկացնել»,- նշել է Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև Թուրքիայի հայ կաթողիկե համայնքին վերաբերող հարցեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել