Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Կառավարության հավանությանն է ներկայացրել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծի:
Օրենքի նախագծով առաջարկվում է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը լրացնել քաղաքացու անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի հիման վրա տարիքի ստուգման վերաբերյալ դրույթով, քաղաքացու կողմից խաղասրահ կատարվող իր այցելությունները սահմանափակելու կարգը սահմանող 7.1-ին հոդվածով, համաձայն որի` խաղասրահ կատարվող իր այցելությունները սահմանափակել ցանկացող քաղաքացին կարող է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր խաղասրահներ իր մուտքն արգելելու վերաբերյալ դիմում ներկայացնել լիազոր մարմնին` նշելով որոշակի ժամկետ, որը չի կարող 6 ամսից պակաս լինել:
Դիմումում նշված ժամկետի ընթացքում դիմողն այն չի կարող հետ վերցնել: Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ առաջարկվող կարգավորումը հիմնավորվում է այն քաղաքացիների շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ, ովքեր թեև սահմանափակ գործունակ չեն ճանաչվել, սակայն, օրինակ, ալկոհոլի ազդեցությամբ կորցնելով ինքնատիրապետումը` հաճախում են խաղատուն, բայց դա չեն անում սթափ վիճակում:
Շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպիչը արգելում է քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց մուտքը խաղասրահ: Վերոգրյալից հետևում է, որ օրենքով կազմակերպիչների վրա արդեն իսկ դրված է պարտականություն` 21 տարին չլրացած ֆիզիկական անձանց մուտքը խաղասրահ արգելելու վերաբերյալ:
Պարտականության չկատարման համար, որպես պատասխանատվության միջոց, նախատեսված է տուգանք` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` երկու հարյուր հազար դրամի չափով:
Վերը նշված նախագծի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացմանը, իսկ ՀՀ պետական բյուջեի ծախսերի և ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների և ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: