Հազարավոր մարդիկ կիրակի դուրս են եկել Բարսելոնայի կենտրոնական փողոցներ` բողոքելով Իսպանիայից անջատվելու Կատալոնիայի կառավարության մտադրության դեմ, հայտնում է Associated Press-ը:
Քաղաքի կենտրոնական հրապարակում հավաքված բազմության մեջ շատ ցուցարարներ բռնել են իսպանական և կատալոնական դրոշներ, որոշները վանկարկել են «Մի խաբվեք, Կատալոնիան Իսպանիա է»:
Նախօրեին՝ շաբաթ օրը Իսպանիայի միասնության աջակցության ցույցեր են անցկացվել նաև երկրի այլ քաղաքներում, այդ թվում Մադրիդում: Սպիտակ հագուստով բազմաթիվ ցուցարարներ, այդ թվում Բարսելոնայում, դուրս են եկել փողոց՝ կենտրոնական և շրջանային կառավարությունների միջև երկխոսության կոչ անելով:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը խոստացել է, որ իր կառավարությունը թույլ չի տա Կատալոնիային անջատվել երկրի մյուս մասից:
Հիշեցնենք, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեն անցկացվել է հոկտեմբերի 1-ին և ուղեկցվել է իրավապահ մարմինների հետ հանրաքվեի խաղաղ մասնակիցների բախումներով: Հաղորդվել է, որ բախումների ընթացքում վիրավորվել է հանրաքվեի 844 մասնակից և 33 ոստիկան: