Արդեն 1891 ընտանիք նվերներ է ստացել Երևանի տոնի օրվա կապակցությամբ

Արդեն վեց օր անընդմեջ շարունակվում է «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագրով «Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսի ներքո իրականացվող սոցիալական ծրագիրը: Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցներից բաղկացած խմբերը շրջել են Երևանի տարբեր շրջաններում, այցելել թվով 303 ընտանիք ու փոխանցել Երևանի քաղաքապետի շնորհավորանքն ու անակնկալ նվերները:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունից: Հայտարարության մեջ նաև ասվում է.

«Ամփոփելով առաջին շաբաթվա տվյալները՝ որի ընթացքում «Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագրի պատասխանատուներն այցելել են 1891 ընտանիք, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը նշել է.
«Ծրագրի առաջին շաբաթն անցել է ըստ նախատեսվածի. յուրաքանչյուր օր Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքից 12 վարչական շրջաններ են ուղևորվել ծրագրի պատասխանատուները՝ շատ բարձր տրամադրությամբ և մեծ պատասխանատվությամբ:

Առաջին շաբաթվա ընթացքում այցելել ենք 1891 ընտանիք:
Մյուս շաբաթվա ընթացքում կայցելենք մնացած 908 ընտանիք: 
Քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայությամբ շաբաթվա ընթացքում արդեն իսկ ստանում ենք շնորհակալական խոսքեր, ինչպես նաև ծրագրի մեջ ընդգրկվելու ցանկություն հայտնող քաղաքացիների զանգեր: Ծրագրի ավարտից հետո ողջ տեղեկատվությունը կամփոփվի և կուսումնասիրվի՝ հաջորդ տարվա ծրագրում ներառելու նպատակով»:

Սոցիալական ծրագրում ընդգրկված են նաև գիտության, մշակույթի գործիչներ, բուժաշխատողներ, վաստակաշատ մանկավարժներ և այլն:

Հիշեցնենք, որ Երևանի ծննդյան 2799-ամյակի կապակցությամբ այս տարի ծրագրում ընդգրկվել են ճիշտ այդքան թվով ընտանիքներ. նրանց անակնկալներ կմատուցվեն մինչև հոկտեմբերի 11-ը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել