ՄԻ շարք լրագրողական կազմակերպություններ հայտարարությամբ են հանդես եկել

Երեկ՝ սեպտեմբերի 28-ի երեկոյան, Վանաձորում մասնագիտական պարտականությունները կատարելիս ֆիզիկական բռնության է ենթարկվել «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանը։ Նա, տեղեկություն ստանալով, որ հորդառատ անձրեւի պայմաններում քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից կամրջի վրա ասֆալտապատում է իրականացվում, մեկնել է այդ վայր։ Նկարահանումներ կատարելու պահին «Շինպլյուս» շինարարական կազմակերպության ղեկավար Տիգրան Նազարյանն իր աշխատակիցների հետ հարձակվել է Նարինե Ավետիսյանի վրա, ոլորել թևերը, նրան գցել գետնին ու խլել հեռախոսը։
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունում, որ միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել։ Միևնույն ժամանակ ստիպված ենք արձանագրել, որ ըստ մեր բազմամյա դիտարկումների՝ տասնյակ այսօրինակ գործեր անարդյունք են մնացել, և մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել։ Այս միջադեպն էլ նմանատիպ իրավախախտումների անհետևանք մնալու և ձևավորված անպատժելիության մթնոլորտի արդյունք է։ Ընդ որում, առաջին անգամ չէ, երբ իր աշխատանքը կատարելիս Նարինե Ավետիսյանը ճնշման է ենթարկվում։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք.
– ՀՀ քննչական կոմիտեի Վանաձորի ստորաբաժանումից՝ սկզբունքայնություն ցուցաբերել և անաչառ քննություն իրականացնել միջադեպի բոլոր հանգամանքներին համապատասխան գնահատականներ տալու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար,
-ՀՀ դատախազությունից՝ պատշաճ հսկողություն սահմանել նախաքննության օբյեկտիվությունն ապահովելու նպատակով։
Մենք ուշադիր հետևելու ենք իրավապահ մարմինների գործողություններին և հանրությանն իրազեկելու ենք այս քրեական գործի ընթացքի և արդյունքների մասին։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել