Այսօր՝ վաղ առավոտյան, «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության համակարգող Սյուզան Սիմոնյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի «թեժ գծի» հեռախոսահամարին ահազանգով տեղեկացրել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին են բերման ենթարկել Հակոբ, Հռիփսիմե, Էլմոն Եղնուկյանները և «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամներ Ռուզաննա Եղնուկյանը, Աղավնի Սահակյանն ու Գեղեցիկ Տոնոյանը։
Ահազանգից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության Կենտրոնականի բաժին: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկված անձանց հետ, պարզաբանումներ են պահանջվել նրանց բերման ենթարկելու իրավական հիմքերի վերաբերյալ: Ոստիկանության աշխատակիցների պարզաբանմամբ՝ նշված անձինք բերման են ենթարկվել Հանրապետության հրապարակում պայթուցիկ սարքերի առկայության վերաբերյալ ահազանգի հիման վրա:
Ոստիկանության հետ համատեղ աշխատանքի արդյունքում բերման ենթարկված անձանցից Հակոբ, Հռիփսիմե, Էլմոն Եղնուկյաններն ազատ են արձակվել, աշխատանքներ են տարվում մյուսներին ազատ արձակելու ուղղությամբ: