Ամբաստանյալ Սպարտակ Մացակի Կռոյանին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական դիրքի չարաշահում) նախատեսված արարքի կատարման մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից:
Հիշեցնենք, որ նախաքննության տվյալներով, անտառպետության 7-րդ պահաբաժնի «Ռուդնիկ» կոչվող տեղամասում անտառապետը նկատել է, որ Լերմոնտովո գյուղի 3 բնակիչներ բենզասղոցներով և կացիններով ապօրինի հատել են տարբեր տրամագծերով ուռի, բոխի, թխկի, հաճար, կեչի, ՀՀ «Բույսերի Կարմիր գրքում» գրանցված արոսենի հայաստանյան տեսակի ծառեր և ճյուղեր, մասնատել են դրանք և պատրաստել՝ անտառից դուրս բերելու համար, սակայն ոչինչ չի ձեռնարկել՝ արձանագրված անտառախախտումներին օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար։ Քննության տվյալներով՝ անտառապետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով պետությանը պատճառվել է էական գույքային վնաս: