Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոցում ստեղծված իրավիճակի առիթով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ: Խնդիրը քննարկվել է ՀՀ կրթության և գիտության, ինչպես նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների հետ: Ուղարկվել են համապատասխան գրություններ:
Սեպտեմբերի 1-ից խաթարված է ուսումնական գործընթացը Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոցում: 44 աշակերտները հրաժարվում են դպրոց հաճախելուց՝ դժգոհելով տրանսպորտային դժվարություններից, որոնք առաջ են գալիս հատկապես 5-6 ամիս ձգվող ձմռան ընթացքում: Այս հարցերը պետք է դառնան կառավարության իրավասու մարմինների կողմից մանրամասն քննարկման առարկա:
Ստեղծված իրավիճակում վտանգվում է Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոց հաճախող երեխաների կրթության երաշխավորված իրավունքը: Պետությունը պարտավոր է երաշխավորել կրթության հավասար հնարավորություններ, մատչելիություն և շարունակականություն:
Այս առումով երեխայի շահերը պետք է լինեն առաջնահերթ ուշադրության առարկա:
Նշենք, որ այսօր դպրոցականները Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին անցկացնում: