Նոր մանրամասներ անչափահասի դանակահարության գործով

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Վանաձոր քաղաքի անչափահաս բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2017 թվականի օգոստոսի 4-ին` ժամը 22:00-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք` ձախից» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել նույն քաղաքի անչափահաս մի բնակիչ՝ ծնված 2002թ., ով հայտարարել է, որ վնասվածքն ստացել է Վանաձորի դպրոցներից մեկի մոտ վայր ընկնելու հետևանքով:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անչափահասը նշված մարմնական վնասվածքն իրականում ստացել է վիճաբանության ժամանակ, փաստական տվյալներ ձեռք բերվել` ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով ևս անչափահաս է՝ ծնված 2001 թվականին:

Նախնական քննության տվյալներով՝ Վանաձոր քաղաքի անչափահաս բնակիչների միջև վիճաբանությունը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի դպրոցներից մեկի մոտ, որի ընթացքում էլ 15-ամյա պատանին դանակահարվել է։ Մարմնական վնասվածք է հայտնաբերվել նաև 16-ամյա կասկածյալի վրա, ով հայտարարել է, որ վնասվածքն ստացել է նույն վիճաբանության ժամանակ։

Նախաքննության ընթացքում Վանաձոր քաղաքի 15-ամյա բնակիչը ճանաչվել է տուժող, 16-ամյա կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և ամբողջական քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել