ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2015թ. ծնված երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։
Նախնական քննության տվյալներով ՝ Արագածոտնի մարզի բնակիչն իր վարած «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով ընթացել է Երևան-Երասխ ավտոճանապարհով, որի 37-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի գազատար խողովակի հենասյանը։ Վթարի հետևանքով վարորդը և ուղևորուհին ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց, իսկ մեքենայի մեջ գտնվող 2015թ. ծնված տղա երեխան տեղում մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: