Դատավոր Արտուշ Գաբրիելյանը Արեգ Կյուրեղյանի գրության հիմքով խնդրում է քննարկել փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը նամակով դիմել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին։ Նա հիշեցրել է, որ «Սասնա ծռերի» գործով վերջին նիստից առաջ դատական նիստերի դահլիճում ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանը փաստաբան Արա Ղարագյոզյանին փորձել է գրություն փոխանցել, ինչը սակայն ոստիկանները կանխել են։

Ըստ դատավորի՝ ոստիկանների կողմից վերցված թղթի վրա առկա են հետևյալ գրառումները․

«Դատավարությունն օգտագործում ենք․

  1. Ժողովրդին (հատկապես երիտասարդությանը) ոգևորելու,
  2. Ինքնակազմակերպմանը օժանդակելու,
  3. Մեր ազգային օրակարգը (Արցախի միացմամբ նոր հանրապետություն, հետո Կուր-Արաքսյան տարածքի վերահայացում),
  4. Մեր գաղափարները տարածելու,
  5. Աշխարհին հասկացնելու, որ հայերին հնարավոր չէ ստրակացնել, և մենք ազատվելու ենք գաղութատիրությունից,
  6. Դատավարությունը շուռ տալու և վերածելու ռեժիմի մահավճռի,
  7. Լինելու կազմակերպված և պայքարը շարունակելու մինչև հաղթանակ,
  8. Հետևել մեր առողջության, այն միայն մերը չէ նաև պայքարի համար է»:

Դատավորը հայտնել է, որ նույն օրը նիստից հետո փաստաբանը ԶԼՄ-ներին տվել է հարցազրույց՝ հայտնելով, որ վերոնշյալ թղթի վրա առկա գրառումները հանդիսանում են փաստաբանական գաղտնիք կազմող տեղեկություններ, որոնք հասցեագրված են եղել իրեն․ «Նշված տեքստի բովանդակությունից ակնհայտ է, որ դրա տարածումն ուղղված է գործի դատական քննությանը կազմակերպված կերպով խոչընդոտելուն, իսկ փաստաբանն իր հայտարարությամբ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնելով, փորձել է օրինականացնել նշված գործողությունները՝ իրավաբանական օգնություն ցույց տալու հետ որևէ առնչություն չունեցող փաստաթղթի բովանդակությունը ներկայացնելով որպես օրենքով պահպանվող փաստաբանական գաղտնիք»,- գրել է դատավորը և խնդրել ՓՊ նախագահին այս հիմքով քննարկել Արա Ղարագյոզյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը։

Գրությունը մեզ տրամադրեց ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել