Այսօրվա կառավարության նիստին գործադիրի անդամները հավանություն են տվել ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կողմից ներկայացված «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթին:
Օրինագծերի նպատակն է պետական մարմինների կողմից լիցենզիաների և ծանուցման ենթակա գործունեության տեսակների գրանցման համար վարվող գրանցամատյանների թվայնացումը և միասնական էլեկտրոնային գրանցամատյանի ստեղծումը: Արդյունքում բոլոր պետական մարմինները հնարավորություն կունենան միևնույն ծառայությունները մատուցել էլեկտրոնային տարբերակով՝ կիրառելով նույնական չափանիշներ:
Կստեղծվի նաև միասնական տեղեկատվական բազա: Հիմնավորման համաձայն՝ օրինագծերի ընդունումը բխում է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018թթ. միջոցառումների ծրագրի 22-րդ կետից: Էլեկտրոնային գրանցամատյանի ներդրումը կնպաստի արդյունավետ վարչարարության իրականացմանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ծախսերի, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկի նվազեցմանը: Համակարգի ներդրման արդյունքում հնարավոր կլինի գրանցամատյանից տեղեկությունները տրամադրել նաև էլեկտրոնային տարբերակով, արդյունքում ժամանակատարության և տրամադրված տեղեկատվության հավաստիության խնդիրներ չեն առաջանա: Բացի դրանից, հնարավոր կլինի համակարգել լիցենզիաների և ծանուցման ենթակա գործունեության վերաբերյալ տարբեր մարմինների իրավասության ներքո գտնվող տեղեկատվությունը: