Նոր նախագիծ՝ պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների վերաբերյալ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոր նախագիծ է հանրային քննարկման դրել e-draft.am կայքում՝ առաջարկելով լրացում իրականացնել «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում։

Նշվում է, որ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական պաշտոն զբաղեցրած անձը կենսաթոշակի իրավունք ունի, եթե չի աշխատում (չի զբաղեցնում պետական և համայնքային պաշտոն կամ չի կատարում վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, որպես անհատ ձեռնարկատեր չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, չի զբաղեցնում նոտարի պաշտոն):

Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է պետական պաշտոն զբաղեցրած անձի աշխատանքի ընդունվելու (պետական և համայնքային պաշտոն զբաղեցնելու կամ վճարովի այլ աշխատանք կատարելու, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, որպես անհատ ձեռնարկատեր` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, նոտարի պաշտոն զբաղեցնելու) դեպքում աշխատանքի ընդունվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Հարկ է նկատի ունենալ, որ գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքի բովանդակությունը (աշխատանքի բնույթը) որոշելու համար անհրաժեշտ է իրականացնել «Հանրային ծառայության մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքների դրույթների փոխակապակցված մեկնաբանություն, ինչն իրավակիրառական պրակտիկայում առաջացնում է խնդիրներ։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է Օրենքում կատարել համապատասխան լրացումներ, մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի իմաստով.

  • գիտական աշխատանք է համարվում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ գիտական կազմակերպությունում գիտնականի կամ գիտական աշխատողի կողմից բացառապես գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական, գիտամանկավարժական, փորձատեխնոլոգիական, նախագծակոնստրուկտորական, նախագծատեխնոլոգիա­կան, հետախուզական աշխատանքներ կատարելը,
  • ստեղծագործական աշխատանք է համարվում բացառապես մշակույթի և արվեստի երկեր, գեղարվեստական, գեղարվեստական ժողովրդական ստեղծագործություններ և արհեստներ, բանահյուսություն, բարոյագիտական և գեղագիտական գաղափարատիպեր (իդեալներ), վարվեցողության կանոններ և ձևեր, լեզուներ, բարբառներ և խոսվածքներ, ազգային ավանդույթներ և սովորույթներ, պատմաաշխարհագրական տեղանուններ, մշակութային գործունեության մասին գիտական հետազոտությունների արդյունքներ և մեթոդներ, մշակութային ժառանգության առարկաներ (օբյեկտներ) ստեղծելը կամ մեկնաբանելը,
  • մանկավարժական աշխատանք է համարվում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնղ ուսումնական հաստատությունում բացառապես ուսուցիչ, դասախոս (դոցենտ, պրոֆեսոր), ամբիոնի վարիչ աշխատելը։

Միաժամանակ, հստակեցվում է «գիտական կազմակերպություն» եզրույթը։

Նախագիծն ընդունվելու դեպքում կհստակեցվեն «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի դրույթները՝ բացառելով օրենքի դրույթների կամայական մեկնաբանության հնարավորությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել