37 քվեաթերթիկների վրա հայտնաբերվել են «V»-ձև նշանի ուրվագծեր և ներկանյութի հետքեր

Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որով նախապատրաստված նյութերի համաձայն, Երևանի ավագանու ընտրություններից հետո` 2017 թվականի մայիսի 16-ին, թիվ 7/51 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ պարզվել է, որ մի շարք անվավեր քվեաթերթիկների վրայից անհետացել են կողմ քվեարկած նշումների թանաքանյութերը:

Մասնավորապես, նշված ընտրատեղամասի` անվավեր ճանաչված 152 քվեաթերթիկներից մեծ մասի վրա առկա են եղել հավելագրումներ /մեկից ավելի  նշումներ/` «V»-ձև նշանի կամ ձեռագիր տարբեր գրառումների տեսքով: Իսկ մնացած 37 քվեաթերթիկների վրա ընդհանրապես որևէ նշում կամ գրառում չի եղել: Սակայն դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մալաթիայի բաժնում նշանակված համալիր փորձաքննության արդյունքում նշված 37 քվեաթերթիկների վրա հայտնաբերվել են «V»-ձև նշանի ուրվագծեր և ներկանյութի հետքեր, որոնց հետագա անհետացման պատճառներն ու կատարման վաղեմությունը հնարավոր չի եղել պարզել: Ընդ որում, հիշյալ ուրվագծերն առկա են եղել ինչպես Նիկոլ Փաշինյանի, Զարուհի Փոստանջյանի, այնպես էլ Տարոն Մարգարյանի անվան դիմաց:

Վերը նշված հանգամանքները պարզելու ուղղությամբ անհրաժեշտ քննչական-դատավարական գործողություններ կատարելու նպատակով, ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է Հատուկ քննչական ծառայությունում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել