Կառավարությունն այսօր փոփոխություն կատարեց «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ։
Գործադիրը սահմանեց, որ ՀՀ պետական բյուջեից հատկացվող դրամաշնորհների հատկացման պայմանագրի կնքումից հետո 3-օրյա ժամկետում պայմանագիր կնքած կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, կազմակերպության կողմից դրամաշնորհ ստանալու համար ներկայացված ծրագիրը հրապարակվում են դրամաշնորհ տրամադրած պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում:
Ըստ նոր որոշման՝ կազմակերպությունը, որի հետ կնքվել է դրամաշնորհի հատկացման պայմանագիր, պայմանագրով նախատեսված ժամկետներում դրամաշնորհ տրամադրած պետական մարմնին ներկայացնում է ծրագրի կատարման վերաբերյալ հաշվետվություն, որը պետական մարմնի կողմից ընդունվելուց հետո 3-օրյա ժամկետում հրապարակվում է դրամաշնորհ տրամադրած պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում բացառությամբ անձի եկամուտներին վերաբերող դրամաշնորհային պայմանագրերի:
Նշենք, որ ներկայումս գործող օրենսդրությամբ սահմանված չեն լիազոր մարմնի կողմից դրամաշնորհի տրամադրման, ինչպես նաև մրցույթին մասնակցած և հաղթող ճանաչված կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման, ինչպես նաև հաշվետվությունների ներկայացման և լիազոր մարմնի կողմից այդ հաշվետվությունների հրապարակման ընթացակարգերը:
Այս նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող դրամաշնորհների օգտագործման արդյունավետության բարձրացման, դրամաշնորհների տրամադրման ընթացակարգերի և դրամաշնորհներով իրականացված ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության, դրամաշնորհների հասցեականության, ոլորտի հաշվետվողականության և թափանցիկության ապահովման անհրաժեշտությամբ: