ՏՄՊՊՀ-ն խիստ նկատողություն է տվել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը

Այսօր` հոկտեմբերի 19-ին, ՀՀ ՏՄՊՊՀ-ի նիստում քննվել են մի շարք քաղաքացիներից ստացված դիմում-բողոքները մի քանի խոշոր ընկերությունների նկատմամբ: Հանձնաժողովը դիմում-բողոք է ստացել նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեության վերաբերյալ: 

Մի շարք սպառողներ դիմել են Հանձնաժողովին՝ դժգոհելով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությունից: Խոսքը վերաբերում է մասնավորապես տոմսերի վաճառքի և դրանց հետ վերադարձի խնդիրներին: Հայտնում է ՀՀ ՏՄՊՊՀ-ն: Ըստ բողոքների, եթե  ինչ-ինչ պատճառներով անհրաժեշտ է լինում տոմսը վերադարձնել, ապա ընկերությունը էլեկտրոնային տոմսերի դեպքում դրանք ընդհանրապես հետ չի վերցնում, իսկ թղթայինի դեպքում՝ գանձում է տուգանք տոմսի արժեքի 15%-ի չափով: Սպառողները նաև բողոքում են, որ  «Հարավկովկասյան երկաթուղում» տոմսերի ձեռքբերման համակարգը այնպիսին է, որ թույլ չի տալիս միաժամանակ ձեռքբերել մեկնման և հետվերադարձի տոմսերը, ինչը լուրջ անհարմարություններ է պատճառում Վրաստան հանգստի մեկնողներին: Բացի այդ տոմսերի ձեռքբերման համակարգը թույլ չի տալիս սպառողներին վագոնում ազատ տեղերի միջև ընտրություն կատարել, սպառողների ընտրությունը վագոնում ազատ տեղերի առումով խիստ սահմանափակ է: Սպառողները բողոքում են նաև էլեկտրոնային տոմսերի բարձր գներից: Հարուցված վարույթի ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղին» վերոնշյալ խնդիրների հիմնական մասը լուծել է և գրավոր պարտավորություն է ստանձնել որոշակի ժամանակահատվածում շտկելու դեռևս այս պահին առկա խնդիրը՝ այն է նորից իջեցնել էլեկտրոնային տոմսերի գները:
Հանձնաժողովը հաշվի առնելով ընկերության կողմից խնդիրները արագ լուծելու փաստը, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը տվեց խիստ նկատողություն՝ միաժամանակ հանձնարարելով  հետագայում բացառել  սպառողների շահերը վնասող վարքագծից, բացի այդ պարտավորեցնել, որպեսզի ընկերությունը բարեփոխի  տոմսերի վաճառքի և վերադարձման  համակարգը:

 .

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել