Կառավարության նոր որոշմամբ հերթական ՊՈԱԿ-ը կստեղծվի: Պատճառաբանվում է, որ Արցախի հոգևոր ժառանգությունը միջազգայնացնելու համար նպատակահարմար է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գանձասար վանական համալիրին կից տարածքում ստեղծել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճուղ:
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի ներկայացրած նախագծով՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում են հարյուրավոր բացառիկ ձեռագրեր ու հազվագյուտ արխիվային փաստաթղթեր, որոնք գրվել են Արցախում և ներկայացնում-լուսաբանում են Արցախի հոգևոր մշակույթն ու նրա պատմական ժառանգությունը։
Այդ արժեքների հանրահռչակման, դրանց ուսումնասիրության խթանման նպատակով Գանձասարի վանական համալիրին կից, «Փյունիկ» համահայկական հիմնադրամի ներդրունմերի շնորհիվ վերակերտված կառույցում 2015թ. նոյեմբերի 21-ին բացվեց պատմական Հայաստանի Արցախ և այլ նահանգներում գրչագրված 100-ից ավելի ձեռագիր մատյանների, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ բնագրերի ու ընդօրինակությունների, վավերագրերի, հնատիպ գրքերի, ինչպես նաեւ պատմական հանգամանքների բերումով Արցախի վանքերում և եկեղեցիներում այլ շրջաններից բերված կամ փրկագնված ձեռագրերի ցուցադրությունը՝ մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահների, պետական ու հոգևոր այրերի։
Ֆինանսավորումը կատարվելու է պետական բյուջեի հաշվին: