Կպարզեցվեն ծննդի և մահվան մասին բժշկական վկայականներ ստանալու հետ կապված գործառույթները

 Ծննդի և մահվան մասին բժշկական վկայականներ ստանալու հետ կապված գործառույթները կպարզեցվեն: ՀՀ կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի հանձնարարականով:

Նախարարի խոսքով՝ արդյունքում կվերացվի քաղաքացիների կողմից երեխայի ծննդի և քաղաքացու մահվան բժշկական վկայականը ՔԿԱԳ մարմիններ ներկայացնելու պահանջը, իսկ բժշկական հաստատություններում կներդրվի ծննդի և մահվան բժշկական վկայականների պատրաստման էլեկտրոնային միասնական համակարգ, ինչը թույլ կտա ավտոմատացնել և միասնականացնել բժշկական անձնակազմի գործառույթները և կրճատել այդ գործառույթների կատարման ժամկետները:

«Այս փոփոխություններով նվազեցնելու ենք  նաև ծննդյան կամ մահվան գրանցումներ կատարելիս անձանց վերաբերող տվյալների թերությունների, վրիպակների կատարման ռիսկը, տվյալների հակասությունը և այլն»,- նշեց նախարարը՝ ընդգծելով, որ արդյունքում կբացառվեն նաև ծնված և գրանցված երեխաների, ինչպես նաև բժշկական հաստատություններում գրանցված մահերի և ՔԿԱԳ մարմիններում գրանցված մահերի միջև վիճակագրական տարբերությունները, ինչը կարևոր է թե՛ վիճակագրական, թե՛ ժողովրդագրական, և թե՛ ընտրական ցուցակների ճշգրտության տեսանկյունից:

Արփինե Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ համակարգն արդեն փորձնական ռեժիմով տեղադրվել է Երևան քաղաքի, Շիրակի, Տավուշի, Լոռիի մարզերի բժշկական հաստատություններում, ներկայում այն տեղադրվում է Գեղարքունիքի և Արմավիրի մարզերի բժշկական հաստատություններում: Նախատեսվում է համակարգը ամբողջությամբ ներդնել շուրջ 400 բժշկական հաստատություններում և գործարկել 2017թ. հունվարի 1-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել