Զինվորական ծառայության մեջ սահմանափակումը զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների համար սպայի կամ ենթասպայի կոչում ունեցող զինծառայողի նկատմամբ կիրառվող պատժատեսակն է, ըստ որի` տվյալ անձը երեք ամսից երեք տարի ժամկետով չի կարող նշանակվել իր զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր (այդ թվում` ավելի բարձր վարձատրվող) պաշտոնի, նրան չի կարող շնորհվել ավելի բարձր հերթական կոչում, ինչպես նաև կասեցվում է հերթական զինվորական կոչում շնորհելու` օրենքով սահմանված ժամկետը` դրամական բավարարման գումարից մինչև 20 տոկոս պահումով:
Տվյալ պատժատեսակի կրման կամ դրանից պակաս ժամկետով դատարանը կարող է զինծառայողի համար սահմանել կրթական կամ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու լրացուցիչ պարտականություն:
Զինվորական ծառայության մեջ սահմանափակումը չի կարող նշանակվել, եթե առկա է հանցանքների կամ դատավճիռների համակցություն, և կատարված հանցագործություններից մեկի համար կարող է նշանակվել կամ նշանակված է ազատությունից զրկելու հետ կապված կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու հետ կապված պատիժ:
Զինվորական ծառայության մեջ սահմանափակում պատժատեսակը կրելու ընթացքում զինծառայողի նկատմամբ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասով կամ 67-րդ հոդվածով սահմանված կարգով ազատությունից զրկելու հետ կապված պատիժ նշանակվելու կամ զինծառայողի կողմից օրենքով սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքում դատարանի կողմից զինվորական ծառայության մեջ սահմանափակումը փոխարինվում է տուգանքով` զինվորական ծառայության մեջ սահմանափակման մեկ ամիսը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի դիմաց: