Երևանում աղջիկ են փախցրել

Աղջիկ փախցնելու չստացված փորձ

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Թաթուլ Խ.-ի, Սիփան Խ.-ի և Աղվան Մ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Մարիամ Մ.-ին առևանգելու կապակցությամբ Թաթուլ Խ.-ը նախնական համաձայնության գալով եղբոր՝ Սիփան Խ.-ի, ընկերոջ՝ Աղվան Մ.-ի և քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ, 2015թ. ապրիլի 5-ին ժամը 15.00-ի սահմաններում, Աղվան Մ.-ի կողմից վարվող «Մերսեդես Ե» մակնիշի ավտոմեքենայով և անհայտ անձի կողմից վարվող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել են Երևան քաղաքի Նոր Նորքի 8 զանգված, որտեղ տեսնելով Մարիամ Մ.-ին և նրա ընկերոջը՝ Յուրի Հ.-ին վերջինիս պատկանող «Հոնդա Ակորդ» ավտոմեքենայի սրահում նստած, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով փակել են Յուրի Հ.-ի ավտոմեքենայի առջևը՝ կանխելով մեքենայի հետագա տեղաշարժը, ապա հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, իրենց անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով, ինքնահաստատման պահանջով, եսամոլությամբ, սանձարձակությամբ, անպարկեշտ վերաբերմունքով բռնություն են գործադրել Յուրի Հ-ի նկատմամբ՝ նրան հարկադրաբար իջեցրել են ավտոմեքենայից, այնուհետև, տևական ժամանակ ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել առողջությանը դիտավորությամբ պատճառելով թեթև վնաս:

Դրանից բացի համաձայն նախնական դերաբաշխման Մարիամ Մ-ի կամքին հակառակ նրան տեղափոխել են Աղվան Մ.-ի կողմից վարվող «Մերսեդես Ե» մակնիշի ավտոմեքենայի սրահ, միասնական ուժերով բացահայտ առևանգելով նրան ուղևորվել են Կոտայքի Մարզի Առինջ գյուղ, սակայն Առինջ գյուղին հարող ճանապարհահատվածում Յուրի Հ.-ը իր վարած ավտոմեքենայով բախվել է Աղվան Մ.-ի կողմից վարվող ավտոմեքենային, դիտավորությամբ խափանել դրա ընթացքը, որից հետո ոստիկանության աշխատակիցների միջամտության արդյունքում Սիփան Խ.-ը բերման է ենթարկվել, իսկ Աղվան Մ.-ը, Թաթուլ Խ-ը և մյուս հանցակիցները դիմել են փախուստի:

Գործող 3 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց լուսանկարները և անունները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել