ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հանրապետության տարածքում գործունեություն ծավալող տնտեսավարողներին հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում 2015 թվականի մարտի 2-ից ՀՀ Նախագահի կարգադրությամբ ներդրվել և շահագործվում է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» ընթացակարգը: Այս մասին տեղեկանում ենք ծառայությունից:
Մարմինը սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերահսկողության ներքո գտնվող ապրանքատեսակների ներկրման թույլտվությունների ու հավաստագրերի տրամադրման համար տնտեսավարողներին կոչ է անում պետական սահմանի անցման կետերում օգտվել «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով աշխատող համակարգից, որի արդյունքում հնարավոր կլինի ներմուծման կամ արտահանման ժամանակ պահանջվող փաստաթղթաշրջանառության և ձևակերպման համար ծախսվող ժամանակը զգալիորեն տնտեսել:
Միաժամանակ տեղեկացնում են, որ ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվական ու ուսումնական կենտրոնների հետ համատեղ պարբերաբար կազմակերպվում են «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգից օգտվելու դասընթացներ: