Ոստիկանությունը` լրագրողների նկատմամբ կատարված բռնության մասին

Դեկտեմբերի 6-ին ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունից ոստիկանության Չարենցավանի բաժնում գրություն է ստացվել, որ «Թի Հայաստան» կայքէջում տեղադրված է «26/16 տեղամասում 12.02 դրությամբ ՏԸՀ անդամները սպառնում են տեղամասից հեռացնել «Ասպարեզ» կայքի լրագրող Սոնա Թադևոսյանին» հոդվածը: Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանությունից:
Ըստ աղբյուրի` դեպքի հանգամանքները պարզելու նպատակով Ս. Թադևոսյանը հրավիրվել է ոստիկանության Չարենցավանի բաժին` հաղորդում և բացատրություն տալու նպատակով, սակայն բանավոր հրաժարվել է հաղորդում տալուց` նշելով, որ խնդիրն առաջացել է իր վկայականի հետ կապված, քանի որ այն չի համապատասխանել գործող չափորոշիչներին, ինչից հետո  խնդիրը տեղում լուծվել է: Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում է քննություն:
Փոխանցվում է նաև, որ ժամը 15.20-ին Սոնա Թադևոսյանը ահազանգել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ «Ազատություն» ռադիոկայանն իր վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածում, թե իբր ոստիկանությունն իրեն բերման է ենթարկել:
Մեկ այլ հայտարարության համաձայն` դեկտեմբերի 6-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանից հաղորդում է ստացվել, որ Արաբկիրի տարածքում` «Այո»-ի շտաբի դիմաց ժամը 13.00-ի սահմաններում, մի տղա, իսկ ժամը 14.00-ի սահմաններում` մի տատիկ խոչընդոտել են իր մասնագիտական գործունեությանը: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել