Համաձայն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի` մայրաքաղաքի շինհրապարակներում շարունակվում են վերամբարձ կռունկների շահագործումը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ ուսումնասիրությունները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում գույքագրվել են կառուցապատման օբյեկտներում տեղակայված վերամբարձ կռունկները, և անվտանգության նկատառումներով, կառուցապատողներին նախազգուշացվել է հաշվի առնել ինչպես քաղաքաշինության մասին օրենքով կառուցապատողներին վերապահված պարտականությունները, այնպես էլ Երևանի ավագանու համապատասխան որոշումները: Հանձնարարվել է շարունակել խիստ հսկողությունը և մշտապես հետևել վերամբարձ կռունկների շահագործման անվտանգության ապահովմանը:
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կասեցվել է ապօրինաշինության 2 դեպք: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և ապամոնտաժվել է պոլիէթիլենային ծածկերով սահմանազատված 2 օբյեկտ: Հանձնարարվել է շարունակել այս ուղղությամբ աշխատանքները:
Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 65 վարչական արձանագրություն:
Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված էլ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է վարչական 14 արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ գույքագրվում են փողոցների մայթերում հետիոտնի ազատ տեղաշարժը խոչընդոտող վճարային տերմինալներն ու տարաբնույթ սարքավորումները: Նախորդ շաբաթ գույքագրվել է նմանատիպ 90 սարքավորում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ձեռնարկել համապատասխան քայլեր դրանք մայթերի այլ հատվածներ տեղափոխելու ուղղությամբ:
«Պետք է գույքագրել ոչ միայն վճարային տերմինալները, այլ նաև բոլոր այն սարքավորումները, որոնք խոչընդոտում են մեր քաղաքացիների ազատ տեղաշարժին ու կարճ ժամանակում պետք է տեղափոխվեն մայթերի այլ հատվածներ: Եվ ընդհանրապես խստորեն հետևեք տվյալ սարքավորումների տեղադրման գործընթացին: Ոչ թե մենք և մեր համաքաղաքացիները պետք է հարմարվենք սպասարկող կազմակերպությանը, այլ իրենք են պարտավոր ենթարկվել հստակ առաջադրվող պահանջներին ու կատարել դրանք»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում է ծառատունկը, որը կավարտվի մեկ շաբաթից: Ըստ այդմ համապատասխան աշխատանքներ են տարվում նաև փողոցների մայթերին առկա ծառազուրկ բնաբաժակների ծառերով համալրման ուղղությամբ: Միաժամանակ զեկուցվել է, որ մեկ-երկու օրից կավարտվեն նաև համապատասխան տարածքներում վարդակակաչների սոխուկների տեղադրման աշխատանքները:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետին զեկուցվել է, որ ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում ավարտվել են գազամատակարարման, ջրամատակարարման, էլեկտրամատակարարման և ոռոգման ցանցերի անխափան շահագործումն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքի մասին զեկուցվել է, որ վարչական շրջանների կողմից նախապես մշակված ծրագրի համաձայն շարունակվում են տարելիցին նվիրված միջոցառումները: