Ոստիկանության ծառայողները պարտավոր են սովորել բանակցություններ վարելու և համոզելու հմտություններ

Ոստիկանության ծառայողը որպես բացառիկ միջոց գործադրում է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար, եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել:

Ոստիկանության ծառայողները պարտավոր են անցնել հատուկ պատրաստություն, որի շրջանակում սովորում են բանակցություններ վարելու և համոզելու հմտություններ` ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրումը սահմանափակելու նպատակով, ինչպես նաև պարբերաբար անցնել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ: Համապատասխան պատրաստականություն անցնելուց հետո ոստիկանության ծառայողն իրավունք ունի պահելու և կրելու հրազեն ու հատուկ միջոցներ:

Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման ընտրությունը կատարելիս ոստիկանության ծառայողն առաջնորդվում է՝ ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից:

Ոստիկանության ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել դրանք գործադրելու մասին՝ բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու և իրավախախտումը դադարեցնելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց գործադրման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կամ ոստիկանության ծառայողի կյանքի ու առողջության համար կամ կարող է առաջացնել այլ ծանր հետևանքներ, կամ երբ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անհնար է:

Ոստիկանության ծառայողը պարտավոր է նաև՝
1) ձգտել, որ իրավախախտին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի.
2) ցուցաբերել կամ ապահովել մարմնական վնասվածքներ ստացած անձանց առաջին բուժօգնություն` բժշկական կազմակերպություններին անհապաղ հայտնելով մարմնական վնասվածքների ու մահվան բոլոր դեպքերի մասին.
3) ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն գործադրելու (օգտագործելու) հետևանքով վիրավորվածների կամ մահվան բոլոր դեպքերի, ինչպես նաև հատուկ միջոցներ (բացառությամբ ձեռնաշղթաների և ռետինե մահակի) և հրազեն գործադրելու (օգտագործելու) յուրաքանչյուր դեպքի մասին անհապաղ զեկուցել վերադասության կարգով:

Ոստիկանությունը պարտավոր է ոստիկանության ծառայողի կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն գործադրելու (օգտագործելու) հետևանքով վիրավորվածների կամ մահվան բոլոր դեպքերի մասին սեղմ ժամկետում հայտնել տուժածների մերձավոր ազգականներին:

Օրենքով չնախատեսված դեպքերում ոստիկանության ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրումը կամ սահմանների անցումով դրանց գործադրումն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

Ոստիկանության ղեկավարը ոստիկանության ծառայողի կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն գործադրելու (օգտագործելու) հետևանքով վիրավորվածների կամ մահվան բոլոր դեպքերի մասին անհապաղ տեղեկացնում է դատախազին:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել