«Պայքարը զրոյից սկսում ենք». «Ոչ թալանին» նախաձեռնությունը հանրահավաք կիրականացնի

«Եթե «Ոչ թալանին» նախաձեռնությունն ակցիա է իրականացնում, ուրեմն կտրուկ գործողություններ է սկսելու, օդում ոչ մի բան չի խոսում»: Իրավաբան.net-ի հետ զրույցում  ասաց նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արթուր Քոչարյանը:

Նա անդրադարձավ երեկ տեղի ունեցած դեպքերին և ներկայացրեց իրենց առաջիկա անելիքները: «Այս պայքարը մենք նորից զրոյից սկսում ենք, քանի որ աուդիտի մասին դեռևս հստակ ինչ-որ բան չկա, իշխանություններն ուղղակի անելու են իրենց տարեկան աուդիտը, անգամ հատուկ գումար են հատկացրել ու մարդիկ հրավիրել տարբեր երկրներից, սակայն, որպես այդպիսին ոչ մի բան չի փոխվում: Ստացվում է նրանք  իրենց ասածներից հետ կանգնեցին»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Խոսելով երեկվա դեպքերից՝ Արթուր Քոչարյանը նշեց, որ իրենք հանդիպել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակցիներին և ներկայացրել խնդիրները:

Այն հարցին, թե արդյոք երեկվա բախումների հանգամանքով պատրաստվում են բողոք ներկայացնել իրավապահներին. «Մենք տեսել ենք, թե ինչ է կատարվել հունիսի 23-ին, սակայն տեսել ենք նաև արդյունքը՝ մեզ հույս չեն տալիս: Մի քանի քննիչ է աշխատում, բայց մեզ ոչ ոք տեղեկություն չի տալիս, ըստ իս՝ առհասարակ չեն էլ գործում կառույցները»:

Իսկ թե ինչ է սպասվում սեպտեմբերի 11-ի հանրահավաքին, Արթուրը չցանկացավ մանրամասնել, ասելով, որ պետք չի իրենց գործողությունների մասին իրազեկվեն բոլորը, քանի որ այդ դեպքում ոստիկանական ուժերը կանխարգելիչ միջոցառուներ կիրականացնեն. «Միայն կասեմ որ կա հստակ ծրագիր, լինելու է մեծ հանրահավաք, ամեն ինչի պատրաստ ենք մենք, անգամ՝ նստացույցի»:

Հիշեցնենք՝ նախաձեռնությունը պահանջում է չեղարկել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը, նվազեցնել սակագինը և պատասխանատվության ենթարկել հունիսի 23-ի ակցիայի ժամանակ քաղաքացիների և լրագրողների նկատմամբ բռնություն կիրառող ոստիկաններին:

Ռոզա Վարդանյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել