Արդարադատության ակադեմիայում տրվեց դատավորների թեկնածուների մասնագիտական պատրաստման մեկնարկը

«Վերապատրաստումներ իրականացնելիս մենք պետք է հնարավորինս շատ օգտվենք հեռաուսուցման հնարավորություններից, որովհետև դրանց արդյունավետ իրացման դեպքում հնարավոր է դատավորներին, դատախազներին և մեր բոլոր շահառուներին վերապատրաստել առանց աշխատանքից էապես կտրելու»,- դիմելով ներկաներին՝ ասաց Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը:

Այսօր Արդարադատության ակադեմիայում տրվեց դատավորների թեկնածուների նոր խմբի մասնագիտական պատրաստման դասընթացի մեկնարկը: Մասնագիտական պատրաստումը տևելու է շուրջ 9,5 ամիս (ներառյալ փորձաշրջանը): Խմբում ընդգրկված է դատավորի 11 թեկնածու՝ վարչական և քաղաքացիական մասնագիտացումներով:

Այնուհետև հանդիսավոր պայմաններում ավարտական վկայագրեր ստացան հեռաուսուցման եղանակով վերապատրաստում անցած և հաջողությամբ ավարտած առաջին դասընթացի մասնակիցները: Դասընթացը նվիրված էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին: Դասընթացն իրականացվել է Եվրոպայի խորհրդի HELP ծրագրի շրջանակում, որին մասնակցել են դատավորներ, դատավորների օգնականներ, դատախազներ, քննիչներ:

Շնորհավորելով մասնակիցներին՝ Ռուբեն Մելիքյանը նշեց, որ այս ծրագիրը մեծ կարևորություն ունի: «Հեռաուսուցման եղանակով վերապատրաստում իրականացնելը բարդ խնդիր է և մեծ պատասխանատվություն է պահանջում, բայց մենք այդ ճանապարհն ենք ընտրել: Մենք առաջինն ենք, որ փորձարկեցինք հեռաուսուցման այս կուրսի հայերեն տարբերակը, որը և հաջողությամբ ավարտվեց»,-ասաց ռեկտորը:

Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան իր խոսքում նշեց, որ ԵԽ-ի կողմից կարողությունների զարգացման ուղղությամբ վարվող քաղաքականության համատեքստում՝ առանձնակի նշանակություն ունի Ակադեմիայի հետ համագործակցությունը. «Մենք վստահ ենք, որ երկիրը չի կարող ունենալ հզոր դատական համակարգ, եթե չկա հզոր կրթական համակարգ: Եվրոպայի խորհուրդը միշտ պատրաստ է համագործակցել Ակադեմիայի հետ: Սա համատեղ իրականացված առաջին պիլոտային ծրագիր էր, որը բավականին հաջողված է և սա էլ հենց հիմք է հանդիսանում հետագայում այսպիսի կուրսերը զարգացնելու համար»,- ասաց նա: Ելույթից անմիջապես հետո Նատալյա Վուտովան վկայագրեր հանձնեց առաջին դասընթացի 8 շրջանավարտներին:

Միջոցառման ավարտին ԵԽ գրասենյակի ղեկավարը հանդես եկավ դասախոսությամբ:

Ռոզա Վարդանյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել