Վիճաբանություն և կրակոց Ամիրյան փողոցում. կան վիրավորներ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան  քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ`Ամիրյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ:

2015թ. օգոստոսի 30-ին` ժամը 22:10-ին, ահազանգ է ստացվել, որ  Երևան քաղաքի Ամիրյան փողոցում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով  մարմնական վնասվածքներով թիվ 1-ին համալսարանական բժշկական կլինիկա է տեղափոխվել երկու անձ:

ՀՀ քննչական կոմիտեից հաղորդում են, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են «Վոլտրան» տեսակի ատրճանակ, 1 փամփուշտ և 1 պարկուճ:

Դեպքի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ):

Նախաքննությամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև՝ դատաձգաբանական և դատամատնադրոշմային համալիր փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու, ինչպես նաև՝ միջադեպին մասնակից անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել