«Գազել»-ում գտնվող 7 քաղաքացիները այրվել էին. փաստաբանը հիմնական պատճառը համարում է գազաբալոնների անսարքությունը

Դժբախտ ելքով ավտովթարի մեջ մեղավոր ճանաչված Մանվել Վարդանյանի փաստաբանը համաձայն չէ դատավճռի հետ, որով իր պաշտպանյալը դատապարտել է 8 տարի:

Հիշեցնենք` վթարը տեղի էր ունեցել 2014թ. նոյեմբերի 10-ին Շիրակի մարզում, իրար էին բախվել Մանվել Վարդանյանին ամրակցված «Կամազ-53202» մակնիշի բեռնատար ավտոմեքենա և «Գազ-32213»-ը: Արդյունքում՝ Գազելը հրդեհվել է վարորդն ու 6 ուղևորները մահացել են: Մեղադրանք էր առաջադրվել Մանվել Վարդանյանի նկատմամբ:

«Մանվել Վարդանյանին հիմնականում մեղադրում էին «Կանգառ» նշանի տակ չկանգնելու համար: Ողջ մեղավորությունը դրանում էր, նախաքննությունից առ այսօր, ես և Մանվել Վարդանյանն ասում էինք, որ այդ նշանը տեղադրված էր շատ սխալ վայրում: Անկախ նրանից՝ այնտեղ վարորդները կկանգնեն թե ոչ, տեսադաշտ չեն ունենա, որովհետև առկա է գազալցակայան, որտեղ բեռնատարներ են կանգնում ու վարորդը տեսադաշտ չի ունենում և ստիպված է լինում առաջանալ դեպի խաչմերուկի եզրը, որպեսզի տեսադաշտ լինի ու շրջադարձ կատարի»,- ըստ փաստաբանի այս հանգամանքը, որ տեսադաշտ չեն ունենում վարորդները, ոչ ոք ուշադրություն չի դարձրել:

«Մտածել են՝ 7 զոհ կա, Գազելի վարորդը մահացած է, ուրեմն վերջ՝ Կամազի վարորդն է մեղավոր, այդ սկզբունքով են առաջնորդվել, ուրիշ կերպ չեն մտածել»,- նշեց տիկին Բալայանը:

Նա նաև փոխանցեց, որ այս հատվածով երթևեկելիս նկատել է, որ դեպքից հետո «Կանգառ» նշանը տեղափոխված է, նա համեմատել է լուսանկարները, հարցումներ իրականացրել, պարզվել է, որ «Կանգառ» նշանը տեղափոխվել է խաչմերուկի եզրին, իսկ այդ նշանի փոխարեն տեղադրվել է զգուշացնող լուսացույց. «Եթե սխալ տեղում չլիներ այդ նշանը, բնականաբար չէին տեղափոխի, այսինքն՝ պետական մարմիններն ընդունել են իրենց սխալը, տվյալ պարագայում ի՞նչ մեղք ուներ Մանվել Վարդանյանը»,- ասաց մեր զրուցակիցը:

Ըստ նրա, եթե «Գազել»-ը չլիներ անսարք վիճակում գտնվող գազաբալոններով, ապա մահացություններ չէին լինի. «Բոլոր դիակների դատաբժշկական փորձաքննությունները ցույց են տվել, որ նրանք այրվել են գազից, այսինքն՝ վառվելուց, ոչ թե բախումից»:

Փաստաբանը նշեց, որ ներկայումս Մանվել Վարդանյանը հուսահատ վիճակում է գտնվում և չի ցանկանում վճիռը բողոքարկել, այնպես որ դեռևս հստակ չէ՝ փաստաբանը վերաքննիչ բողոք կբերի, թե՝ ոչ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել