«Ավելի շատ վախ ներշնչելու համար են անում դա». Հայկ Կյուրեղյանի գործի մասին

Փաստաբանների պալատի անդամ Միհրան Պողոսյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում այսօր անդրադարձավ Հայկ Կյուրեղյանի գործով դատին, մասնավորապես խոսելով այն հանգամանքից, որ մեղադրող կողմը միջնորդել էր    ամբաստանյալին դատապարտվի 14 տարի ազատազրկման:

«Ես մի քիչ այլ կերպ եմ վերաբերվում Շանթ Հարությունյանին ու այն մարդկանց, որոնք որ կապ ունեն այս գործի հետ: Կարող եմ ասել, որ որպես քաղաքացի, որպես հասարակության անդամ, Կյուրեղյանն ինձ համար լիովին ընդունելի է: Նա խիզախ տղա է, պայքարում է մեր իրավունքների համար, դրա համար էլ չեմ ուզում իրավական տեսանկյունից անդրադառնալ այս գործին: Վերջերս ականատես եղանք, որ ոստիկանը ապտակում է քաղաքացուն, ապա սա նվազագույնն է, որ Հայկ Կյուրեղյանը կարող էր անել ոստիկանի նկատմամբ»,- նշեց մեր զրուցակիցը:

Մեր այն հարցին, թե արդյոք մեղադրող կողմի միջնորդությունը կբավարարվի, պարոն Պողոսյանը դրական պատասխան տվեց. «Քանի որ նման դեպքեր էլի են գրանցվել, որտեղ դատավճիռը եղել է առավելագույն ժամկետով, անգամ սպանությունների դեպքում առավելագույն ժամկետ չեն սահմանում: Այստեղ խնդիրը պայքարող դրվագն է, ավելի շատ վախ ներշնչելու համար են անում դա»,- եզրափակեց իր խոսքը Միհրան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանը 2014թ. հուլիսի 12-ին կրակոցներ էր արձակել Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց: Այդ ժամանակ դատարանի դահլիճում ընթանում էր Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատական նիստը: Նա բարձրացել էր տարածքում կայանած մեքենայի վրա, աղաղակել և «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակել ոստիկանների ուղղությամբ:

Ռոզա Վարդանյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել