Երբեմն վարորդները տուգանքի վճարում կատարում են, բայց վճարումը հաստատող կտրոնը չեն պահպանում. որոշ ժամանակ անց էլ ԴԱՀԿ ծառայությունից ստանում են նամակ, որ տուգանքի վճարումը չի կատարվել:
Ապացուցելու համար, որ վճարումը իսկապես կատարվել է փաստաբան Աշխեն Դաշյանն առաջարկում է երկու տարբերակ:
Նախ, ըստ փաստաբանի, անհրաժեշտ է բանկ դիմել, եթե վճարումը հենց բանկում է կատարվել. «Վարորդը գոնե պետք է հիշի այն բանկը, որտեղ վճարումը կատարել է: Պետք է դիմի բանկ, բանկից ստանա համապատասխան վերծանումները. Դրանք բանկի կողմից տրամադրվող փաստաթղթեր են, որոնք կարող են հանդիսանալ վճարման հիմք՝ տուգանքը վճարելու ապացույց»:
Մյուս դեպքում, եթե վճարումը տերմինալով է կատարել, պետք է դիմել տերմինալը սպասարկող համապատասխան ՍՊԸ. ընկերությունը կտա տեղեկանք վճարումների վերաբերյալ, և դա կօգտագործվի որպես տուգանքի վճարման ապացույց :
Աշխեն Դաշյանը փաստում է, որ այս խնդիրը շատ տարածված է, բայց ուրախալի է նաև այն փաստը, որ այսօր վարորդներն ավելի հետևողական են դարձել նման դեպքերում՝ կտրոնները պահում են:
Կտրոնների առկայության դեպքում վարորդները միանշանակ հասնում են հաջողության, քանի որ կազմվում է համապասասխան փաստաթուղթ, բողոքարկվում է ԴԱՀԿ ծառայությունից ստացած նամակն ու խնդիրը հարթվում է:
Զառա Մանուչարյան